Եթե անցակետում մեր հայրենակցին ձերբակալեցին․ Արման Թաթոյան

«Ակնհայտ է, որ անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից և լուծել իր խնդիրը, սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է, միջոց է»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, որը Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ ներկայացրեց իրենց համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։

Թաթոյանի խոսքով, անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, իրականացնում են կրակոցներ։
«Սա լավ պլանավորած գործողություն էր, որտեղ օգտագործեցին այսպես կոչված էկոակտիվիստներին, դրա տեղադրումն իրականացրեցին փափուկ ուժի միջոցով»,-ասաց նա։
«Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։  Մի պահ պատկարացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք»,-ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով, անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել։
«Ասում են, դե լավ, բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է՝ աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք, բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասեցին՝ պետք է զինվոր կանգնի, հետո ասեցին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ, նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։
Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավվեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»,-ասաց Թաթոյանը։