ՀՀ և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված. իրավապաշտպան

Հայաստանի և Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ ներկայացնելով իրենց համատեղ զեկույցը՝ նոր ապացույցներով։

«Թուրքական բանակի մոդելով ստեղծված «Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում և Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,-ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։