Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, զրկում են սննդից, քնից, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ , Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ նոր հատուկ զեկույցը։

«Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։

Սահակյանի խոսքով՝ այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։

Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ. «Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե իբր մարդասիրական իրավունքը չի խախտվել։