Արցախի պողոտայում հայտնաբերված երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով»,-գրել է Շուշան Դանիելյանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, շտապօգնության աշխատակիցները Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել։

ՀՀ Քննչական կոմիտեն նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։