Թուրքը չի փոխվել, բայց 2018թ-ից սկսած փոխվել են Հայաստանի իշխանությունները

Խաղաղության մասին թուրքի պատկերացումները հարյուրամյակներով չե´ն փոխվել և չե´ն փոխվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արտակ Զաքարյանը։

«Պաշտոնական Բաքուն ու Անկարան հայտարարում են, իբրև «սպասում են, որպեսզի Հայաստանը սեղմի խաղաղության մեկնած ձեռքը»: Միևնույն ժամանակ տոտալ շրջափակման մեջ պահելով, հումանիտար աղետի են ենթարկում 120.000 խաղաղ հայրերի: Միևնույն ժամանակ «խաղաղության մասին» գիշեր ցերեկ աղերսող հայաստանյան «իշխանությունների» ֆոնի վրա, քայլ առ քայլ օկուպացնում են Հայաստանի տարածքները: Միևնույն ժամանակ Հայաստանին ամեն կերպ զրկում են ինքնիշխան ապագա ունենալու որևէ շանսից: Միևնույն ժամանակ կռիվ են տալիս նույնիսկ Հայաստանի հուշարձանների ու հայ ժողովրդի պատմական հիշողությունների հետ:

Թուրքը չի փոխվել, բայց 2018թ-ից սկսած փոխվել են Հայաստանի իշխանությունները, որոնց տեսանելի դավաճանությունն ու անսահման տգիտությունը թուրքերին տվել է Հայաստանն ու Արցախը ոտնակոխ անելու հնարավորություն և ցանկություն:

Նախկինում խաղաղության մասին թուրքը մեզ հետ խոսում էր հեռվից և շատ հարգանքով: Հիմա թուրքը օկուպացրել, շրջափակել ու խեղդում է հայկական պետականությունը` թելադրելով կեղծ խաղաղության իր ստորացուցիչ պայմանները` կամ ստորաքարշ խաղաղություն, կամ նոր ցեղասպանություն:

2018թ-ից հրապարակային դաշտում այս մասին փորձում էինք գրել և զգուշացնել: Ի պատասխան` նիկոլական հայախոս զանգվածը լքտիություն ու փողոցին հարիր իր անդաստիարակությունն էր ցուցաբերում: Բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ առ այսօր գիտակից, սրտացավ ու պետականակենտրոն մտածող քաղաքացիները, հիասթափվելու փոխարեն բռունցքված չեն խունտային քշելու և Հայաստան պետության դիրքերը վերականգնելու հարցում: Մեր պատմական ողբերգություններից մեկն էլ ներսից պառակտվածությունն ու անտարբերությունն է եղել:

Ժամանակը շուրունակում է աշխատել ի վնաս մեր ժողովրդի:

Հերթական ցավալի ապացույցներից մեկն էլ այսօրվա ռմբակոծություններն են»,- գրում է Արտակ Զաքարյանը: