Ստվերային բանակցողը Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ գործուղվում է Բրյուսել

168․am-ը գրում է․ «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին 5-օրյա այցով մեկնելու է Բրյուսել: Կառավարության տեղեկատվական հարթակում նշվում է, որ պատվիրակության կազմումեն նաև անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը, վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։

ԱԳՆ մոտ կանգնած մեր աղբյուրները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, այդ հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էին Շ. Միշելի գրասենյակից` հավելելով.
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», – ասված էր հաղորդագրությունում:

Եվրոպական խորհուրդը հայտնել է նաև, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Շառլ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում:

«Միշելը, Փաշինյանը և Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացող զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», – հայտնել էին Եվրոպական խորհրդից:

Ըստ մեր աղբյուրների` մինչ Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում նախատեսված է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Գրիգորյանը դիվանագիտական շրջանակներում համարվում է Ադրբեջանի հետ ՀՀ կողմից ստվերային բանակցողը, հետևաբար նշվում է, որ Շառլ Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը նախապատրաստական աշխատանքներ են տանելու խաղաղության համաձայնագրի բովանդակային հարցերի շուրջ»: