Хотели как лучше, а получилось как всегда․ Զարեհ Սինանյանը՝ Քյոլնի դեպքի մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Քյոլնում տեղի ունեցած իրադարձություններին։

Հիշեցնենք՝ Սինանյանը այս օրերին գտնվում է Գերմանիայում։ Տեղի հայ համայնքի հետ հանդիպումներից մեկի ժամանակ վիճաբանություն է առաջացել։ «150 միլիոն դոլար է Սփյուռքը Հայաստանին ուղարկել. ի՞նչ եղան այդ գումարները»,- հարց է ուղղվել հանձնակատարին, որից հետո ընդհատվել է նրա ելույթը․

Սինանյանի գրառումը՝ ստորև․

«Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած, մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հատնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող մի ավանդական կառույցի “մամլո” միջոցներում:

Ուրեմն, եկել էին համայնքին անհայտ 4 անձինք, որոնք առաջին իսկ վայրկյանից սկսեցին գոռգոռալ, ինձ մեղադրել, որ իբր եկել եմ փող ուզելու (դե, պրիմիտիվ ուղեղի համար փողից բացի այլ թեմա գոյություն չունի) և շատ սահուն ինքներն անցան ինձանից փող ուզելուն Պահանջում էին իրենց փողերը, որոնք իրենք իբր տվել էին պատերազմի ժամանակ: Ներկաների հարցին, թե ում են փող տվել՝ պատախանեցին, որ ում որ պետք է, նրան էլ տվել են…. Սրան զուգահեռ սկսեցին հայտնի մեղադրանքները հող հանձնելու, դավաճանության հետ կապված: Պարզվեց, որ այս չորսից երեքը հայր, մայր և որդի էին, և 1991 թվականին Հայաստանից արտագաղթելով` արդեն երեսուն տարուց ավելի շաաաաաատ հեռվից շաաաատ֊շաաաաատ սիրում են հայրենիքը և պայքարում են Արցախի և Հայաստանի համար:

Երբ իրենց կլոունադային որոշ ժամանակ տալուց հետո հարցրեցի` վերջացրեցին, թե ոչ, պատասխանեցին իրենց կրկեսը շարունակելով: Պնդեցի, որ հեռանան, քանի որ իրենց պատվիրատուների պատվերը կատարել են, իրենց ստոր ֆունկցիան իրագործել են, և չեմ թույլատրի, որ մեզ խանգարեն: Իրենք պնդեցին, որ ես եմ հեռանալու և ոչ իրենք: Սխալվեցին, քանի որ երևի ինձ չէին ճանաչում, և արդյունքում գերմանացի ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից: Իսկ մենք շարունակեցինք մեր երկար և արդյունավետ հանդիպումը համայնքի հետ:

Ամենացավալին այն է, որ մինչ ոստիկանները` խուլիգաններից կմաքրեին տարածքը, ինձ մոտեցավ աշխարհահռչակ Մաքս Պլանք ինստիտուտի պրոֆեսոր, Գերմանիայում ծնված և հայերենին չտիրապետող Միքայել Մելքոնյանը և անգլերեն ներողություն խնդրելով վարձկանների պահվածքի համար` ասաց, որ եկել էր հանդիպմանը, որպիսզի ինձ լսեր, համագործակցության մասին խոսեր, բայց որ այս անմակարդակ մթնոլորտում չի ուզում լինել և սրանց նմանների պատճառով է, որ համայնքային կյանքին չի մասնակցում: Հանդիպումից հետո նման միտք արտահայտեցին նաև որոշ երիտասարդներ, որոնք ասացին, որ ամենապածառ և կիրթ երիտասարդությունը, այս անառողջ տարրերից խուսափելով, չի մասնակցում համայնքային կյանքին:

Այսպիսով, մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով և առավոտյան տխմար վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սակայն իրականում ընդամենը ձեռք բերեցին հայ ազգի իրենց խորապես ատող և իրենցից զզվող մի նոր հավելյալ զանգված: Իրենց ավելի հոգեհարազատ լեզվով ասած: Хотели как лучше, а получилось как всегда»։