Ստեփանակերտում դպրոցականների շրջանում ստուգել են՝ որքանով են տեղյակ Արցախի պատմությունից

«Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  այսօր՝ մայիսի 6-ին, մայրաքաղաքի համար 1 հիմնական դպրոցում անց է կացվել օլիմպիադա Արցախի պատմությունից:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օլիմպիադային մասնակցել է Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարանների 50 աշակերտ:

««Զորաց ակումբ»-ի խնդրանք-պատվերով հրատարակվել է պատմաբան, ԱԺ պատգամավոր  Վահրամ Բալայանի  գիրքը, որն ընդգրկում է  Արցախի պատմությունը 17-րդ դարից մինչև մեր օրերը: Այն նախօրոք տրամադրվել  էր աշակերտներին օլիմպիադային պատրաստվելու համար: Նախատեսում ենք նաև բոլոր մասնակիցների միջև կազմակերպել օդամղիչ հրացանից հրաձգության մրցույթ, որի արդյունքները կգումարվեն օլիմպիադայից գրանցած միավորներին»,-մեզ հետ զրույցում տեղեկացրել է ՀԿ նախագահ Դավիթ Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ մրցանակային տեղեր գրաված աշակերտները «Զորաց ակումբ» ՀԿ-ի կողմից կստանան դրամական պարգևներ, իսկ առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնողները ԱՀ նախագահի կողմից կպարգևատրվեն դյուրակիր համակարգչով ու թանկարժեք նվերով, Պաշտպանության բանակի կողմից էլ խրախուսական պարգևների կարժանանան հրաձգության հաղթողներն ու մասնակիցները: