Կայացվել է սխալ որոշում․ Փաշինյանը՝ Երևանում «Նեմեսիս»- ի հուշարձանի տեղադրման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը և դրա հետևանքով հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրների մասին հարցին՝ վարչապետն ասել է․

«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճկում , երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։