Ճեմարանից իրեն ցած նետած 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է, վերականգնողական շրջանում է

Երեւանում Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հաղորդագրություն է տարածել․

«Սիրելի՛ սաներ, ծնողներ, ճեմարանական համայնք

Սիրելի՛ քաղաքացիներ

Ճեմարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վերականգնողական շրջանն արագ ու արդյունավետ անցնի:

Շնորհակալություն բոլորիդ ուշադրության, անհանգստության եւ ապրումակցելու, ինչպես նաեւ միջադեպին նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելու եւ հետադարձ կապի համար:

Այս պահին կարեւորելով եւ առաջնահերթ համարելով երեխայի առողջական վիճակի բարելավումը՝ մնացածը թողնում ենք ժամանակին եւ համապատասխան կառույցների արդար եւ օբյեկտիվ աշխատանքին: Վստահ ենք՝ ամեն ինչ արվում է եւ կարվի՝ ելնելով երեխայի լավագույն շահից»,- հայտնում է կրթահամալիրի տնօրենը։