Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը

Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։

Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետական դեպարտամենտից։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։

Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ, իսկ եռակողմ քննարկումից հետո Միրզոյանն ու Բայրամովը ևս մի քանի հանդիպում են ունեցել։

2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։