Հայաստանի իշխանություններն անցել են արդեն Արցախը Ադրբեջանին հանձնելու փուլի իրականացմանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն է։

Շրջափակված Արցախի թեման այսօր կարծես թե կորցրել է սրությունը։ Հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնց օգնում են նաև Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ, նպաստեցին դրան՝ պարբերաբար Արցախի մասին հանգստացնող, ապակողմնորոշող տեղեկություններ տարածելով և հանրային վրդովմունքը, ընդվզումը նվազեցնելով։ Այս մասին հաղորդման ժամանակ ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախում իշխանավորները կարողանում են համակարգել սննդի հարցերը, բայց արհեստական դեֆիցիտ ու խուճապ են ստեղծում, որպեսզի մարդիկ կենտրոնանան սննդի վրա և դրանից զատ՝ այլ խնդիրներ նրանց չանհանգստացնեն, չհետաքրքրեն։ Արցախցիները հոգեբանորեն ծանր վիճակում են՝ հասկանալով, որ իրենց վիճակը պատերազմի շարունակությունն է, որի ավարտը կարող է ծանր լինել իրենց համար։ Մանավանդ Հայաստանից՝ մասնավորապես ՀՀ վարչապետի հայտարարություններից նման ուղերձներ կան։ «Կարծես թե մենք մոտենոմ ենք վերջին, այն առաքելության վերջին, որը ստանձնել են ՀՀ ներկայիս իշխանությունները»։

Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ օրերս Փաշինյանի ցնորամիտ հայտարարությանը, թե իբրև նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքներով ընդունեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունը Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է։ Այդ Փաշինյանն է իր հայտարարություներով՝ նաև միջազգային հարթակներում, որպես ՀՀ բարձր պաշտոնյա, չեղարկել 1991 թվականին Արցախի ձեռք բերած ինքնորոշման իրավունքը։ Նա իր բոլոր ձախողումները գցում է ցանկացածի վրա՝ արդարացնելով իրեն, իր քաղաքական գործունեությունը։ Իր վերջին հայտարարություններով, ըստ Մետաքսե Հակոբյանի, Փաշինյանը թերևս հող է նախապատրաստում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ փաստաթղթի ստորագրման համար։ Կամ այդ փաստաթուղթն արդեն ստորագրել է, ժողովրդին նախապատրաստում է այն հանրայնացնելուն։

Հացազրույցը դիտեք տեսանյութում