Նիկոլն ու նիկոլենք լսեցին Սերժ Սարգսյանին, վարվեցին ճիշտ հակառակ կերպ

Մենք, գրեթե առանց բացառության, վատ հիշողություն ունենք, չենք հիշում, թե տարիներ ու նույնիսկ ամիսներ առաջ Հայաստանի և այլ պետությունների նախագահներից, վարչապետներից, արտգործնախարարներից ով ինչ է ասել և, ինչն ավելի կարևոր է, ով ինչ է արել:

Եկեք իսկապես անկեղծ լինենք՝ մեզանից քանիսն են հիշում, թե, օրինակ, 1997 թվականին ինչ է ասել Լևոն Տեր- Պետրոսյանը, ինչ մտքեր, գաղափարներ արտահայտել, հետո Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Նիկոլը… Նույնիսկ չենք հիշում մեկ- երկու ամիս առաջ Նիկոլի ասածները: Եվ, ուրեմն, ազգային, պետական, հանրային կարևորության հարցերում կա հիշողության թարմացման խնդիր: Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել…

2007թ. ապրիլի 29-ին (օրը կիրակի էր) ուղղաթիռով ժամանելով Սյունիքի մարզ, Ագարակ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանրապետության առավել հեռավոր բնակավայրերից մեկի մշակույթի տան մերձակա հրապարակում ժողովված ագարակցիների և հարևան Կարճևան գյուղի բնակիչների առջև ելույթ ունենալիս ասաց.

«Հայաստանի նման մի բուռ երկրում հեռավոր մարզեր չեն լինում: Մեր ունեցածը մի փոքր տարածք է, և այդ տարածքը պետք է աչքի լույսի պես պահենք»:

Թե ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլը, ինչպես «պահեց» Հայաստանի տարածքները, գոնե սա պետք է մոռացած չլինենք: Նախ մեր Հայրենիքի մի խոշոր մասը՝ Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը, յուրայինների հետ միասին, դավաճանաբար, պարտվողական պատերազմով տվեց Ադրբեջանին:

Հետագայում վերոնշյալը մարսելով, Նիկոլն ու նիկոլենք դավաճանաբար, հանցավոր անգործություն դրսևորելով, ավելին՝ որոշ դեպքերում թշնամու հետ միգուցե հանցավոր համաձայնությամբ, պայմանավորվածությամբ, ըստ էության, նրան տվեցին Հայաստանի առանձին տարածքներ, մասնավորապես, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս շարքի առայժմ վերջին օրինակը Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ շուրջ 100 հա հեկտար հողատարածք, առանց զինված դիմադրության, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ, թշնամուն զիջելն էր, փաստացի հանձնումը:

Ագարակից հետո այցելելով Մեղրի, տեղացիների հետ իր զրույցի ընթացքում կարևորելով աշխատատեղերի ապահովման ու, հատկապես, ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները, Սերժ Սարգսյանը միաժամանակ անհեթեթ  համարեց մեղադրանքները և ասեկոսեները Մեղրին ծախելու վերաբերյալ:

«Հայրենիքի որևէ տարածք, առավել ևս՝ Մեղրին, սակարկության առարկա չի եղել և երբեք չի կարող լինել,- ասաց վարչապետը:- Կառավարության, Հանրապետականի դիրքորոշումներին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը և, առաջին հերթին, մեղրեցիները, վստահ եմ, չեն կարող լուրջ վերաբերվել այդ կարգի խոսակցություններին»:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչներից ոմանք, ինչպես նաև ձևականորեն հասարակական, բայց իրականում քաղաքական հարթությունում գործող սորոսականները և Հայաստանում Արևմուտքի հինգերորդ շարասյան այլ ներկայացուցիչներ չէին դադարում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել Մեղրին, ուր որ է, ծախելու մտադրության մեջ, վայրահաչել այս թեմայով:

Է՞, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ծախեցի՞ն Մեղրին… Իսկ թե «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ընդհուպ մինչև օրերս ովքեր և ինչ ծախեցին Արցախից և Հայաստանից, կամ ծախեցի՞ն, թե՞ իրենց իշխանության բերած ուժերի առջև իրենց պարտքը կամ խոստումը կատարելով, նվիրեցին, պարզապես հանձնեցին, իշխանափոխությունից հետո կպարզի քննությունը:

2007թ. հունիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները, Սերժ Սարգսյանն ի մասնավորի ասաց.

«Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է ՝ փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը, որը չափազանց կարևոր նախապայման է կառավարության արդյունավետ գործունեության համար: Այս մոտեցման լավագույն ձևակերպումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, և սեր՝ ամեն ինչում»»:

Կարիք կա՞ հիշեցնելու, թե Նիկոլն ու նիկոլենք ինչպես գործեցին մեր ժողովրդի հոգևոր միասնության դեմ, ինչպես հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների, պառակտեցին նրան, թշնամացրին միմյանց նկատմամբ, ու թուլացրեցին ինչպես հասարակությանը, այնպես էլ պետությանը՝ Ադրբեջանի առջև կանաչ լույս վառելով հարձակման համար:

«1992 թվականից մայիսի 9-ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ,- նշված է Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 15 տարի առաջ, 2008թ. մայիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:- Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է: Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաև փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ:

Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին: Մեր հերոսների հիշատակը միշտ վառ ենք պահելու:

Շնորհավորելով մայիսյան այս կրկնակի տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և մեր պատմական հաղթանակներին արժանի գործեր»:

Նաև նախկինների ջանքերի շնորհիվ ու մեր ժողովրդի անձնվեր, անձնազոհ զավակների հերոսությամբ ազատագրված Շուշին «ներկաները»՝ Նիկոլն ու նիկոլենք, դյուրությամբ հանձնեցին թշնամուն, թուրքը մտավ այնտեղ, պղծեց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, տիրեց հայոց չքնաղ քաղաքին, տեր ու տնօրեն դարձավ այնտեղ: Նիկոլն ու նիկոլենք էլ ոչ ցավով, ոչ էլ հպարտությամբ չհիշեցին նրանց, ովքեր Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին, հակառակը՝ նրանցից ոմանց շիրիմներն էլ հանձնեցին արտաքին թշնամուն:

 

Արմեն Ոսկանյան