Գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորին քրեական հետապնդման ենթարկելու միջնորդություն է ներկայացրել

Ազգային ժողովի ապրիլի 11-ի նիստում քննվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալու գլխավոր դատախազության միջնորդությունը:

Միջնորդությունը, մասնավորապես, կապված է մարտի 31-ի միջադեպի հետ։ Այսպես, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սահակյանը, ըստ գլխավոր դատախազության, հարվածել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։

«Նա ստացել է հոնքի, քթի վնասվածքներ, ինչպես նաև վերին և ստորին ձախ կոպերի արյունահոսություն»,-հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք են բերվել փաստացի տվյալներ, որոնք հիմք են տալիս խուլիգանության և առողջությանը թեթև  վնաս պատճառելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար։