Ադրբեջանցի դիվերսանտներին պետք է սպասել նաև Հայաստանի այլ բնակավայրերում (տեսանյութ)

«Երկրորդ կարծիք». Թագուհի Ասլանյանի հյուրը «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանն է։

Անդրադառնալով Սիսիանի երկու համայնքներում հայտնված ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանի սահմանը հատելու և բնակավայրերում ազատ շրջելու միջադեպին՝ Արթուր Գարիգորյանն ասաց, որ դա հայ բնակչության տրամադրությունները շոշափելու, նրանց մեջ վախի մթնոլորտ տարածելու և ի վերջո հայկական բնակավայրերի հայաթափմանը նպաստելու նպատակով հետախուզական ներթափանցում է եղել։

«Նպատակ կա ժողովրդի մեջ վախ տարածել, ցույց տալ, որ Հայաստանի սահմաններն անվտանգ չեն, նաև ժողովրդին վարժեցնել ադրբեջանցիների ներկայությանը։ Այս ներթափանցումը նման փորձ է, հիշենք նաև Ալիևի խոսքերը, որն ասում էր, թե վերադառնալու է իր նախնիների բնակավայր Սիսիան»,- ասաց հաղորդման հյուրը։

Ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցիները կարողացել են հատել հայկական սահմանը և խորանալ մինչև բնակավայրեր։ Պահեստազորի սպան ասաց, որ սահմանները վերահսկող մեր զինվորները տեխնիկապես լավ հագեցած չեն, լավ սպառազինված չեն, չունեն ջերմատեսիլներ, գիշերային դիտարկման սարքեր կամ եթե կան, բավարար չեն, որսորդական են, ոչ թե ռազմական։ Մյուս կողմից էլ կիրճերն ու ձորերը հնարավոր չէ այնպես վերահսկել, որ բացարձակ ներխուժումը կասեցվի։ Պետք է նման տարածքներում համապատսխան տեսադիտարկման սարքեր տեղադրված լինեն, ինչը մեր բանակը չունի։ Սրանք թշնամուն ձեռնտու պայմաններ են։

Աշխարհազորը, որը պետք է կոչված լիներ պաշտպանելու Հայաստանի բնակավայրերը նման ոտնձգություններից, ըստ Արթուր Գրիգորյանի, ձևական է, չի գործում և պետական որևէ ծրագիր էլ չկա, որպեսզի այդ գաղափարը գործնականում աշխատի, մարդկանց ապահովեն զենքով, ուսուցանեն այդ տեխնիկան կիրառելու հմտությունները, մարդկանց աշխատավարձ տան՝ որպես ապրուստի միջոցի փոխհատուցում։

Արթուր Գրիգորյանը խոսեց նաև Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին՝ ասելով, որ դա ՀՀ իշխանությունների կողմից է թույլ տրվել և միտումնավոր։ Ըստ նրա՝ ճանապարհը փոխվելուց հետո, երբ ռուս խաղաղապաները տեղափոխվել են, ՀՀ իշխանություններին զգուշացրել են, որ այդ տարածքում Հայաստանի զինված ուժերը տեղակայվեն։ Բայց միտումնավոր այդ գործընթացը չի կազմակերպվել, և ադրբեջանցիներն են նրանց փոխարեն առաջացել ավելի քան 450 մետր ու ամրաշինական աշխատանքներ իրականացրել այդ հատվածում։

Հացազրույցը դիտեք տեսանյութում