Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրային քաղաքականության

Շարունակելով փաշինյանական կադրային քաղաքականության մասին դիտարկումները, որոնց մասին կարող եք կարդալ այս հղումով, կարևոր է հիշատակել շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնյաներին միմյանցով փոխարինելու նրա վատ սովորության մասին: Վատ, քանի որ այդպիսի տեղափոխություններն առաջին հերթին բացասաբար են անդրադառնում տվյալ գերատեսչությունում գործունեության արդյունավետության վրա: Մի նախարարին մյուսով փոխարինելով՝ նախ վարչապետը այդ կառույցում կայունություն հաստատելու հնարավորություն չի տալիս: Դեռ նախորդը չի հասցնում խորամուխ լինել ոլորտի ղեկավարի պարտավորությունների մեջ և իրացնել իր ներուժը, նրան արդեն ճանապարհում են այլ ոլորտ, իսկ նոր ղեկավարը փաստորեն սկսում է զրոյից ծանոթանալ իր գործառույթներին ու ինչ-որ ծրագրեր մտմտալ: Էլ ինչու ենք զարմանում, որ ամենուրեք բոլորը դոփում են տեղում, դա՝ լավագույն դեպքում: Վատագույն դեպքում կազմաքանդում ու գերատեսչությունը պարապուրդի են մատնում: Նկատե՞լ եք, որքան շատ է այս կամ այն նախարարը կամ կառույցի ղեկավարն աչքի ընկնում իր ապիկարությամբ, անգրագիտությամբ, որքան շատ է տվյալ ոլորտում անհաջողություն լինում, այնքան այդ մարդը երկար է մնում իր պաշտոնում: Օրինակ՝ Պապիկյան Սուրենը պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնել է 2021 թվականի նոյեմբերին, գրեթե մեկուկես տարի է՝ պաշտպանության նախարար է: Նրանից առաջ Արշակ Կարապետյանը չորս ամիս է ղեկավարել նախարարությունը, Վաղարշակ Հարությունյանը՝ ինն ամիս: Ավելի երկար միայն Դավիթ Տոնոյանն է պաշտոնավարել՝ 2018-ից 2020 թվականը, այն էլ երևի պատերազմը խանգարեց, որպեսզի իրեն ավելի վաղ փոխարինեին: Այնինչ Սեյրան Օհանյանը ինը տարի եղել է պաշտպանության նախարար, Վիգեն Սարգսյանը հասցրեց 2016-ից 2018 թվականը պաշտոնավարել, և եթե չլիներ 2018-ի օտարերկրյա հեղաշրջումը մեր երկրում, Վիգեն Սարգսյանն ավելի երկար կմնար այդ պաշտոնին: Եվ ինչպես նշեցի՝ Սուրեն Պապիկյանի օրոք էր հենց, որ ինչ պատուհաս ասես՝ չեկավ մեր բանակի գլխին՝ ընդհուպ մինչև 15 անմեղ զնծառայողների առեղծվածային մահը՝ հրդեհի հետևանքով: Սուրեն Պապիկյանի օրոք է, որ Փաշինյանը Նիկոլը բողոքում է, թե Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառում, ու չնայած բավականաչափ գումարի առկայությանը, մեր բանակը զրկված է սպառազինություն գնելու հնարավորությունից, պարզապես իր նախարարն ապիկար է ու չի կարողանում զենք գնելու պայմանավորվածություններ ձեռք բերել, այնքան անկամ, որ ոչ ոք փաստորեն չի ցանկանում նրա հետ զենք-զինամթերքի վաճառքի գործարքներ անել: Դե ով է ասել, որ սովորական պատմաբանը կարող է նման պարտավորություն ստանձնել ու այն հաջողությամբ կյանքի կոչել: Նրա գործը պատմություն դասավանդելն է կամ պատմություն կեղծելը, մի բան, ինչն այնքան լավ է ստացվում Պապիկյանի թիմակիցների մոտ: Իսկ զենք բռնելը, կռվելը, մի ամբողջ պաշտպանության նախարարություն ղեկավարելը առնական տղամարդու գործ է, պատերազմների բովում թրծված, ռազմական գործից հասկացող տղամարդու գործ է:

Դա լավ գիտեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ևս երկար ժամանակահատված՝ գրեթե ութ տարի ղեկավարել է պաշտպանության ոլորտը՝ մինչև այդ իր ռազմական մկրտությունը ստանալով Արցախյան ազատամարտում: Եվ հետաքրքիր է, որ հենց այդ ոլորտում իր նշանակումներով նա չվրիպեց, որովհետև նրա նշանակած նախարարների օրոք Հայաստանը հաղթանակած պետություն էր, Հայաստանի բանակի համբավը ամբողջ տարածաշրջանում էր հայտնի, Հայաստանի բանակը միշտ արժանի հակահարված էր հասցնոմ թշնամուն ու ահուսարսափ սփռում ոխերիմ ադրբեջանցիների մեջ: Իսկ Նիկոլի նշանակած կադրերը միայն նահանջի ու չկրակելու, թշնամուն հանկարծ հակահարված չտալու հրամաններն են անգիր արել ու վախենում են իրենց շեֆի գլխից թռնել:

Փաշինյանական պաշտպանության նախարարներից ոչնչով չեն տարբերվում արտաքին գործերի նախարարները: Նախ նշենք, որ այս նախարարությունում ևս Նիկոլը թույլ չի տալիս, որ նույն պաշտոնյան երկար ղեկավարի, ընտելանա ու գուցե այդ դեպքոմ համարձակվի որոշակի ինքնուրույն որոշումներ կայացնել: Նրա օրոք այս գերատեսչությունում ամենաերկարը Զոհրաբ Մնացականյանն է պաշտոնավարել՝ 2018-2020 թվականները: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին Էդվարդ Նալբանդյանը 2008 թվականից մինչև 2018 թվականը եղել է արտաքին գործերի նախարար: Այդ պաշտոնը շատ կարևոր էր արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունները հօգուտ Հայաստանի բարեհաջող ավարտին հասցնելու առումով, և Սերժ Սարգսյանը լավ էր հասկանում, որ Էդվարդ Նալբանդյանը տիրապետում է բանակցային գործընթացին, բոլոր փաստաթղթերին ու նրբություններին, հետևաբար չէր կարելի ընդհատել նրա մասնակցությունը բանակցություններին: Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները ծանոթ էին նրա դիվանագիտական լեզվին, Նալբանդյանն էլ կարողանում էր լեզու գտնել նրանց հետ: Եվ նաև դրանով էր պայմանավորված բանակցային գործընթացի հայանպաստ զարգացումը: Զուր չէ, որ Սերժ Սարգսյանին հմուտ շախմատիստ են անվանում: Այդ շախմատիստը լավ գիտեր իր քարերի ճիշտ ընտրության կարևորությունը, լավ էր հասկանում, որ արդյունավետ քայլեր անելու համար նախ պետք է ճիշտ քարեր թողնել խաղատախտակին:

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ արտգործնախարարներին շատ կարճ ժամանակահատվածում փոխարինելու վատ սովորությամբ տառապում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալն ու Վարդան Օսկանյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակելը, ՀՀ առաջին նախագահը չորս արտգործնախարար է փոխել՝ Րաֆֆի Հովհաննիսյան (1991-1992 թթ․), Արման Կիրակոսյան (1992-1993 թթ․), Վահան Փափազյան (1993-1996 թթ․), Ալեքսանդր Արզումանյան (1996-1998 թթ․):

Հիմա էլ Նիկոլը՝ չորս նախարար է փոխել: Ընդ որում՝ մեկը մյուսից վատ: Թվում էր՝ այսօրվա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգոյանից ավելի ոչ պրոֆեսիոնալ կադր չէր գտնի վարչապետը, բայց գտավ՝ մասնագիտությամբ պատմաբար Արարատ Միրզոյանին, որը 2021 թվականի օգոստոսից է արտգործանախարար աշխատում: Իր մասնագիտական հետագիծը նայելիս ակնհայտ է դառնում, որ նա իր կյանքի 44 տարիների ընթացքում ոչնչով չի արժանացել Հայաստանի համար այդքան կարևոր ոլորտ ղեկավարելու պատվին, ոչ մի դիվանագիտական փորձառություն, աչքի ընկնող ոչ մի նախաձեռնություն նրա կենսագրության մեջ նշված չէ, եթե չհաշվենք կենսագրությունից թաքցրած լրտեսական գործունեությունը, ինչը բացասական գործոն է և պետք է բացառեր արտգործնախարարի պաշտոնում հայտնվելու հնարավորությունը: Թերևս Արարատ Միրզոյանն ավել լավ է գլուխ հանում Հայաստանի դիվանագիտական հարաբերություններն աշխարհի հետ վատացնելու և մեր պետությունը ծաղրուծանակի ենթարկելու նուրբ արվեստին, որ այսքան երկար ժամանակահատված արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում: Մերօրյա արտգործնախարարի քաջագործություններին թերևս կարելի է առանձին հոդվածով անդրադառնալ:

Շարունակելի

Թագուհի Ասլանյան