Ալեն Սիմոնյանը իր գործողություններով ներքին խառնաշփոթ կազմակերպեց․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջև ծագած կոնֆլիկտին, նշեց, որ բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել․ «Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել և իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետև իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ և կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, և իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, և ես հանգստացրի ու հարթեցրինք, և կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում և միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում