Ադրբեջանական գազն ավելի՞ ընդունելի է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն միջազգային հանրության արձագանքը համապատասխան չի համարում ադրբեջանական վայրագություններին, նա Ադրբեջանի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների անհրաժեշտություն  է տեսնում:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, Լորան Վոքիեն նման դիրքորոշում հայտնեց Երևանում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ ասուլիսում՝ միջազգային հանրության կողմից հնարավոր պատժամիջոցների  վերաբերյալ հարցին ի պատասխան:
«Այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ: Եվ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այստեղ տեղի ունեցածին: Մի հասարակ հարց տամ. որոշվեց, որ ռուսական գազ այլևս չի գնվի՝ Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո, արդյոք ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետևանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին կիսում եմ, և դրանք ինձ վրդովվեցնում են նույն չափ»,-ասաց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը:

Ըստ նրա՝ դրան լուծում տալու համար պետք է լինեն մարդիկ՝ հայտնի անձնավորություններ, որոնք հանձնառություն կվերցնեն և հայերի կողքին կլինեն ու կբացատրեն շատերին, քանի որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն հասկանում տիրող իրավիճակը:

Լորան Վոքիեն նկատեց՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Նա ու իր պատվիրակության 40 անդամները Հայաստան այցի շրջանակում եղել են Սյունիքում: «Մենք հատուկ ցանկացանք, որ բազմաքանակ պատվիրակություն լինի: Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, ես տեսել եմ՝ ինչ է կատարվում, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք,  հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից»,-նշեց նա:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև իր հիացմունքն արտահայտեց արցախցիների նկատմամբ: «Ես մոլորակի վրա որևէ այլ անկյուն չեմ ճանաչում, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է, միտքս չի գալիս աշխարհում որևէ այլ անկյուն, որտեղ այս կարգի բարբարոսություն է տեղի ունենում»,- ասաց նա:

Լորան Վոքիեն ասաց՝ չի կարող կառավարության անունից պարտավորվել, բայց իրենք իրենց մակարդակով կանեն ամեն ինչ, որ հնարավորինս կարողանան թեթևացնել իրավիճակը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հիացած են, որ արցախցիները չեն ընկրկում:

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն էլ Վոքիեին շնորհակալություն հայտնեց Արցախի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի համար: