ՀՀ դրոշի ներքևի մասը պետք է լինի 2,5 մ գետնից բարձր, մաքուր և չգունաթափված․ փոփոխություն օրենքում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ««ՀՀ դրոշի մասին» օրենքով սահմանվում է ՀՀ դրոշի նկարագրությունը և գործածման կարգը: Օրենքը սահմանում է նաև ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Նշված է, որ «Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա…»:

Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 2022 թվականի մարտի 23-ին կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար (տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով):

Այսինքն, Օրենսգրքում վարչական պատասխանատվության ենթակա իրավախախտումների շարքում ավելացվել  է ՀՀ դրոշի գործածման, այդ թվում` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն:

Ընդ որում, թե ՀՀ դրոշին ներկայացվող նշված պահանջները, թե այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին (օր.` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա):

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ համաձայն՝ նշված վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարանին՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով:

Իսկ նշված արձանագրությունը կազմելու իրավասությունը վերապահված է ոստիկանության իրավասու մարմնին:

Հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումն անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ Ոստիկանությանը:

Այսպիսով, վերոշարադրյալի համատեքստում կարևորելով ՀՀ դրոշի, որպես ՀՀ պետական խորհրդանիշի արժևորումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Նախագծերով առաջարկվում է՝

Հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ,

Հաշվի առնելով, որ սույն հոդվածի շարադրանքը խնդրահարույց է նաև տրամաբանական հաջորդականության պահպանության տեսանկյունից, հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի միջոցով կապահովվի հոդվածի որոշակիությունը՝ հստակ սահմանելով ՀՀ դրոշին ներկայացվող ընդհանուր պահանջները և ՀՀ բարձրացված դրոշին ներկայացվող պահանջները:

Հստակեցնել ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը:

Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը ՀՀ վարչական դատարանի փոխարեն»: