Հետաքրքիր դիտարկում Հռոմի ստատուտի վավերացման հետևանքների վերաբերյալ, որը մեզանից շատերը բաց են թողնում

Հետաքրքիր դիտարկում Հռոմի ստատուտի վավերացման հետևանքների վերաբերյալ, որը մեզանից շատերը բաց են թողնում՝ կենտրոնանալով հայ-ռուսական հարաբերությունների սրման վտանգներին։

Իսկ եթե տեսանելի ապագայում Միջազգային քրեական դատարանը 1990-ականների սկզբին Արցախյան պատերազմին մասնակցած հայ ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ կալանավորման որոշում կայացնի՝ «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրելու հիման վրա, ինչպե՞ս կվարվեն նման իրավիճակում ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացման դեպքում։ Համոզված եմ, որ Փաշինյանը միայն ուրախ կլինի օգտվել ստեղծված իրավիճակից և ազատվել ռազմաքաղաքական վերնախավից, որն այսօր կազմում է ընդդիմության հիմքը։

Անհավանական սցենար, կասեն մեր որոշ հայրենակիցներ, բայց ես կհիշեցնեմ Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի գործը, ով նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի մեղադրանքով ձերբակալվել էր Սերբիայի իշխանությունների կողմից և փոխանցվել Միջազգային դատարան։ 2001 թվականի ապրիլից մինչև 2006 թվականի մարտ ամիսը Միլոշևիչը գտնվել է Հաագայի բանտախցում, որտեղ և մահացել է, իսկ 10 տարի անց՝ 2016 թվականի մարտին, նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը փաստաթուղթ է հրապարակել Ռադովան Կարաջիչի՝ Սերբական Հանրապետության առաջին նախագահի դեմ գործով, նշելով, որ Միլոշևիչի վերաբերյալ մեղադրող կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ։ Այսինքն, Միլոշևիչը ապօրինի էր գտնվում Հաագայի բանտախցում, որտեղ նրան փաստացի մահվան են հասցրել։ 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից