Սիսիանցին զզվում է Նիկոլից ու նրա խմբակից, բայց իր քվեն կրկին տվեց հօգուտ ՔՊ-ի. ինչո՞ւ

Ալիևը Հայաստանն անվանեց Ադրբեջանի կողմից կապիտուլացված երկիր` ասելով, թե 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետն իր ստորագրությունն է դրել կապիտուլյացիոն փաստաթղթի տակ: Ալիևը նաև հայտարարեց` 2021-ին հայ ժողովուրդը վերընտրեց պարտված վարչապետին, կնշանակի՝ նա ընդունեց իր կապիտուլացված լինելը և իր պարտությունը:

Թշնամական երկրի ղեկավարն ի լուր աշխարհի հեգնեց, ծաղրեց մեր ժողովրդին: Նա այդ կերպ նաև աշխարհին մեսիջ ուղղեց, թե հայ ժողովուրդը համակերպվել է իր պարտության հետ` դուք չխառնվե՛ք…

Թշնամին պարզ ասաց` պարտված ղեկավարին վերընտրած ժողովուրդ եք, հետևաբար, ինչպես կամենամ՝ կվարվեմ ձեզ հետ․ և՛ ձեր ամբողջ երկիրը կգրավեմ, և՛ ձեզ որպես ազգ կոչնչացնեմ` թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես: Հայաստանի ոչնչացումը թշնամու վաղեմի ծրագիրն է, իսկ ի՞նչ է անում հայը թշնամու ծրագրերն ի չիք դարձնելու համար: Արդյո՞ք մենք անհրաժեշտ քայլեր անում ենք թշնամուն ու աշխարհին ապացուցելու, որ Նիկոլն ու իր ՔՊ-ական խմբակը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ: Իսկ եթե դա չենք անում, ավելին` ընտրությունից ընտրություն գնում ու մեր ձայնն ենք տալիս սրանց, արդյո՞ք չենք վերահաստատում թշնամու խոսքը, թե հայ ժողովուրդը համակերպվել է իր պարտության ու կապիտուլյացիայի հետ…

 

Ո՞վ էր ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը մինչև հեղափոխությունը

 

Մարտի 27-ին Սիսիան համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, սիսիանցիների մեծամասնությունը գնաց ու վերընտրեց պարտված, կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցչին:

Սիսիանի բնակիչներն ինձ հետ զրույցում ասում էին. «Չկա մարդ, որ Նիկոլին ընդունի, դրան հարգի, բոլորը զզվում են… անգամ դրա ձայնից ենք զզվում ու անջատում հեռուստացույցը։ Մեր հայրենիքը ծախողը մերժված է մեր կողմից: Բայց չենք հասկանում, չգիտենք, թե էդ ո՞նց է լինում, որ դավաճանն ու իր ՔՊ-ական ոհմակը ընտրություններում մեծաթիվ ձայներ են հավաքում»։

Եվ ուրեմն, ի՞նչ կատարվեց մարտի 27-ի ՏԻՄ ընտրություններում:

ՔՊ-ի «սրտի թեկնածուն» սույն կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանն էր: Նա 2021-ին Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ նախօրեին` 2023-ի մարտի 27-ին, ընտրողների ձայների գերակշիռ առավելությամբ ընտրվեց Սիսիան համայնքի ղեկավար:

Հետաքրքիր մի հանգամանք. մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Արմեն Հակոբջանյանի պաշտոնական կենսագրությունը, այն բացակայում է անգամ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական էջում: Բնականաբար հարց է առաջանում, ինչո՞ւ է Հակոբջանյան Արմենը թաքցնում սեփական կենսագրությունը: Հայտնի ֆիլմի, հայտնի հերոսի խոսքերը հիշեցի․ «Ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը. նա մի սովորական սագագող էր»…

Եվ ուրեմն, ո՞վ է Արմեն Հակոբջանյանը մինչև հեղափոխությունը, և ո՞ւմ տվեց իր ձայնը սիսիանցին: Պարզվում է՝ Արմեն Հակոբջանյանը նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբոր որդին է, որի դեմ 2012-ին քրեական գործ էր հարուցվել` «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու, փաստաթղթեր կեղծելու» հիմքով: Փաստորեն, Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ մեղադրվողի եղբոր որդուն 2021-ին նշանակեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ 2023-ին դարձրեց համայնքապետ:

Սակայն Արմեն Հակոբջանյանն իր կենսագրությունը թաքցնելու այլ պատճառ էլ ունի: Պարզեցինք, որ սույն պարոնը նախկինում երբեևէ չի աշխատել պետական կառավարման համակարգում: Ավելին, մինչը 2018-ը` մինչ ՔՊ-ական դառնալը, եղել է տերմինալներ սպասարկող, այսինքն`օրվա ավարտին փողերը հավաքող ու հանձնող: Թե ինչ մասնագիտություն ունի նա` դա էլ հայտնի չէ: Եվ ահա, այս անփորձ, գործից անտեղյակի կյանքում ամեն բան փոխվեց, երբ հավատարմության երդում տվեց Փաշինյանին ու նրա քպ-ական խմբակին:

ՔՊ-ն գործի դրեց ողջ իշխանական ռեսուրսը

Սիսիանում անցկացվածը դժվար է ընտրություն անվանել: ՔՊ-ն գործի դրեց ընտրախախտումների բոլոր հնարավոր մեխանիզմները՝ իր թեկնածուի հաղթանակը լիարժեք ապահովելու նպատակով: Իշխող ուժը կիրառեց բազմաթիվ ընտրախախտումներ`ճնշում, պարտադրանք, համատարած ընտրակեղծիքներ, կարուսելներ, ուղղորդումներ: Գրեթե բոլոր ընտրատեղամասերի առաջ կուտակումներ էին, բայց որպեսզի սա խիստ նկատելի չդառնա ու ԶԼՄ-ների տեսախցիկների զննող աչքից հեռու մնա, ՔՊ-ն կաշառք բաժանելու և ընտրողներին ուղղորդելու «օբյեկտի» էր վերածել իրենց թիմակիցների բնակարանները: Ականատես եղանք, թե ինչպես Սիսիանի 4-րդ դպրոցի տարածքում տեղակայված 34/05 ընտրատարածքի ընտրողները նախ մտնում էին դպրոցին կից գտնվող մի ՔՊ-ականի տուն, որից հետո գնում ընտրության: Ըստ լուրերի, այդ տանը նրանց տրվում էր փող ու վերջին ուղղորդումներն էին արվում:

Մարդիկ խոսում էին համատարած ընտրակաշառք բաժանելու փաստի մասին, իսկ ընտրակաշառքի շեմը հատել էր 50 000 դրամը: Սիսիանցիները նկատում էին, թե Փաշինյանի ռեժիմը ժողովրդին կանգնեցրել է սոցիալական ծանրագույն վիճակի առաջ, դրանով մի կողմից ժողովրդին պահում է խեղճացած վիճակում, մյուս կողմից ընտրությունից ընտրություն օգտագործում նրա քվեն` «Ես քեզ՝ փող, դու ինձ՝ ձայն» սկզբունքով:

Եվ, փաստորեն, Սիսիանի ՏԻՄ ընտրություններում մենք կրկին բախվեցինք այդ ցավալի երևույթի հետ, երբ սոցիալական ծանրագույն վիճակում գտնվող հայ մարդը մի քանի կոպեկի դիմաց տվեց իր քվեն հայրենիքը հանձնողներին…

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն գրեթե 100 տոկոսով օգտագործեց իշխանական ռեսուրսը, լծակները: Ընտրական ողջ գործընթացի դիրիժորությունն ստանձնել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Ասում են` սա նրա վերջին շանսն էր ՔՊ-ում, ինչով և բացատրվում է նրա առանձնահատուկ ակտիվությունը: Ընտրական օրենսդրության բացահայտ խախտումներով՝ Կարեն Համբարձումյանը մինչև ընտրության ավարտը չհեռացավ ընտրատեղամասի տարածքից: Նա անձամբ նպաստում էր կուտակումների ստեղծմանը, արհամարհում ոստիկանների վախվորած պահանջը` հեռացնել տարածքից սեփական ավտոմեքենան: Համբարձումյանն իրեն իրավունք էր վերապահել անգամ ստիպել ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում Կարեն Համբարձումյանի պահվածքին այսպես էր արձանագրել. «Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրեց տեղամասի մուտքի մոտ, ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց` «տասովշիկների» «զեկույցները»։ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»։

Պատգամավոր Կարեն Համբարձումյանի հրահանգով էր գործում նաև Սիսիանի կոմունալ ծառայության պետ քպ-ական Դավիթ Մարգարյանը, որը 34/05 ընտրատարածքից մի քանի քայլ հեռավորության վրա բացահայտորեն ուղղորդում էր ընտրողներին, հետևում, թե ընտրակաշառք ստացածներից ով ինչպես մասնակցեց ընտրությանը: Ընտրությունից հետո մարդիկ մոտենում էին նրան, ցույց տալիս հեռախոսով նկարված իրենց քվեաթերթիկը, դրանով հավաստում, որ քվեարկել են հօգուտ իշխանության ու «պտիչկա» ստացած հեռանում…

 

ՔՊ-ական բազմաթիվ մանկլավիկներ`վստահված անձ, հանձնաժողովի անդամ, անհարկի լարվածություն էին ստեղծում ընտրատեղամասերում` լեզվակռվի մեջ մտնում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց, դիտորդների հետ, պնդում ու պարտադրում իրենց կարծիքը` անտեսելով ներկայացվող բողոքները: Նման պահվածքով ի ցույց էին դնում իրենց զոռբայությունն ու փորձում ճնշում գործադրել ընտրողների վրա: Արմեն Հակոբջանյանի աներձագը, անգամ իրեն իրավունք էր վերապահել ուղղորդել լրագրողների աշխատանքը:

Ինչևէ, Սիսիանում տեղի ունեցածը ժողովրդի քվեն պոկելուն միտված քպ-ական միջոցառում էր, որն ուղեկցվեց վախի մթնոլորտի սերմանմամբ, պարտադրանքի գործադրմամբ, իսկ առավել վճռորոշ դեր խաղաց ընտրակաշառքը:

 

Այդ խայտառակ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո շատերը թերևս պարտադրված կհեռանան հայրենի բնակավայրից. ոմանք կշտապեն Երևան, ոմանք` արտերկիր…

 

Քանի դեռ Նիկոլն ունի համախոհներ՝ մեր կորուստները չեն դադարելու

 

Սիսիան համայնքում հայ մարդն ապրում է ծանրագույն վիճակում` թե՛ սոցիալապես, թե՛ հոգեպես: ՔՊ-ականների ագրեսիվ, ցինիկ պահվածքը մարզում հատել է բոլոր սահմանները: Եթե ՔՊ-ի աջակիցը չես, նիկոլական չես, ուրեմն, իրենց թշնամին ես:

Պարզվեց, որ ընտրություններից մեկ ամիս առաջ տարբեր ոլորտներում իշխանությունն իրականացրել էր կադրային ջարդ, աշխատանքից հեռացվել էին լավագույն մասնագետները, հայրենասեր մարդիկ, ովքեր մերժում են հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնողի դավաճանական քաղաքականությունը: Նրանք հեռացվել էին, որպեսզի չխոչընդոտեին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակին: Իսկ նրանց փոխարեն կարևոր պաշտոններում նշանակվել են ՔՊ-ական թերուսներն ու ապազգայինները, Նիկոլին երդում տված նյութապաշտներն ու կամակատարները:

Երիտասարդներից մեկն ասաց, թե Սիսիանում որակյալ մասնագետներին հեռացնում են, նրանց փոխարինում անգամ դպրոցը չավարտածներով, որովհետև տգետը հաճույքով ընդունում է կամակատարի դերը, լռելյայն կիսում ներկայիս իշխանության թրքասեր քաղաքականությունը:

Այն, որ Փաշինյանին հաջողվել է ազգը բաժանել սևի ու սպիտակի` դա առավել նկատելի է մարզերում: Նիկոլին հաջողվել է մագնիսի պես իրար գլխի հավաքել ազգային դիմագիծ չունեցող, աղանդավորի մոլագարությամբ տառապող ապազգայիններին, անհավատներին, թրքասերներին: Նիկոլի հետևորդները մարզերում ոչնչով չեն տարբերվում աղանդավորներից: Համոզվում ես`հանձին ՔՊ-ի գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի, կուսակցության հետ, այլ՝ աղանդավորական ցանցի:

Ու քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին այս սեկտան է` դրական ոչ մի ընթացք ակնկալել չենք կարող: Քանի դեռ դավաճանը Հայաստանում ունի համախոհներ` մեր երկիրը շարունակաբար կորուստներ է ունենալու:

 

Հ.Գ. Սիսիանից դեպի Երևան հետդարձի ճամփին նայում էի մեր սյունյաց սուր-սուր, անառիկ լեռներին, իսկ մտքումս չդադարող նույն հարցն էր` սյունեցին ո՞նց իր քվեն նորից վստահեց իր հայրենի բարձունքները թշնամուն հանձնածին, իր հայրենիքի դռները թշնամու առաջ լայն բացած դավաճաններին…

Արմինե Սիմոնյան