ԱՄՆ ռազմավարությունն Ուկրաինայի հարցում ավելի է կոշտանում. բրիտանական ԶԼՄ-ներ

Ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ-ի ռազմավարությունը ավելի կոշտ է դառնում, քանի որ Վաշինգտոնում ցանկանում են, որ Կիևը վերադարձնի իր վերահսկողության տակ կորցրած բոլոր տարածքները, գրում է բրիտանական The Times թերթը:

Ամերիկացի անանուն պաշտոնյան պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայի «հաղթանակը», նրա ինքնիշխանության և անկախության ապահովումը, ինչպես նաև կորցրած բոլոր տարածքների վերադարձը:

«Այժմ այդ ռազմավարությունն ավելի կոշտ է թվում», – նշված է հոդվածում:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունում արձանագրում են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման նախապատրաստությունը: Ուկրաինական հրամանատարությունը մարտական շփման գիծ է տեղափոխում լրացուցիչ ռեզերվներ և տեխնիկա։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ավելի վաղ հաստատել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը «շատ շուտով» հարձակողական գործողություններ կսկսեն Արտյոմովսկի շրջանում:

Կիևի ծրագրած «լայնածավալ հարձակման» մասին խոսեց նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Նրա տվյալներով՝ այն կարող է սկսվել ապրիլին։