Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսությանը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Պեկինը կաջակցի Էր Ռիադի և Թեհրանի միջև հետագա երկխոսությանը: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինական կողմը մտադիր է շարունակել աջակցել Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսության հետագա գործընթացին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում միասնության և համագործակցության ամրապնդման գործում, իսկ երկխոսության միջոցով հակասությունների կարգավորումը համապատասխանում է բոլոր պետությունների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին: «Հուսով ենք, որ Սաուդյան Արաբիան և Իրանը հավատարիմ կմնան բարիդրացիության ոգուն և կշարունակեն բարելավել իրենց հարաբերությունները Պեկինում կայացած երկխոսության արդյունքների հիման վրա»,-նշել է Ծինփինը։

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ։