Չինաստանում պատմել են, թե Պուտինն ինչպես տապալեց Ռուսաստանը թուլացնելու ԱՄՆ-ի ծրագրերը

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչնչացրեց Ռուսաստանը թուլացնելու ԱՄՆ-ի ծրագրերը, կարծում է ռազմական փորձագետ և հեռուստամեկնաբան Սուն Ջունպինը:

Նա բացատրել է, որ Ուկրաինային աղքատացված ուրանով զինամթերք տրամադրելու Լոնդոնի մտադրությանը Մոսկվան սպասելի կոշտ արձագանք է տվել։

«Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Մոսկվայի ծրագիրը ոչ միայն պատասխան է ՆԱՏՕ-ի նախկին և ներկա սադրանքներին, այլև ուղղված է ապագայում ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների զսպմանը», – Global Times-ի համար հոդվածում գրում է Սուն Ջունպինը։

Փորձագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը վաղուց է իր միջուկային զինանոցները տեղակայել «Ռուսաստանի շեմին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին հայտնել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մինչև ամառվա սկիզբ մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Դրա համար առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը՝ Ուկրաինային աղքատացած ուրանով զինամթերք մատակարարելու պլանների մասին, նշել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան անում է այն, ինչով Վաշինգտոնը զբաղվում է տասնամյակներ շարունակ: Նրա խոսքով՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի ամռան սկզբին։