Արցախին խեղդելու Ադրբեջանի փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ․ Դավիթ Բաբայան․ NEWS.am

Արցախն ամբողջությամբ խեղդելու փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձերը։

«Ադրբեջանը նոր փորձեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի բնակչությանը հերթական անգամ շոկի ենթարկի, անտանելի պայմաններ ստեղծի։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է՝ հարված Արցախին և հերթական հարվածը ՌԽԿ-ին։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանը և միջազգային հանրությունը համարժեք քայլեր անեն, թեկուզ քաղաքական առումով։ Ադրբեջանի գործողությունները իրավունքի բոլոր հնարավոր նորմերի բացահայտ խախտում են»,- ասել է Բաբայանը։

Նա ընդգծել է, որ այս ամենի ֆոնին տեղի է ունենում հերթական «մեղրամիսը եվրոպական որոշ երկրների և Ադրբեջանի միջև։ «Սա այն դեպքում, երբ Արցախում փաստացի ցեղասպանություն է իրականացվում։ Այդ եվրոպական երկրները բարոյական արժեքները վերածել են գնի, սա է ներկայումս քաղաքակիրթ աշխարհի ամենամեծ խնդիրը։ Այն միշտ եղել է, բայց հիմա հասել է ծայրահեղ աստիճանի»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում