Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել՝ միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի հայտարարության պատճառով

Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։

Ուկրաինան կոչ է արել բելառուսական հասարակությանը «կանխել Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին և աղետալի հետևանքներ կունենա Բելառուսի ապագայի համար, ինչպես նաև երկիրն ավելի շատ կվերածի Կրեմլի պատանդի, ընդգծել են Ուկրաինայի ԱԳՆ-ում»։

Ուկրաինան Կրեմլի միջուկային շանտաժին հակազդելու հարցում արդյունավետ գործողություններ է ակնկալում Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի սպառնալիքները կանխելու համար:

«Մենք պահանջում ենք այդ նպատակով անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ»,- հայտնել են երկրի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
«
Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում ավարտում ենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։