Դատաիրավական բարեփոխումների դեմ կոչից հետո Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին նրա վերջին հայտարարությունից հետո, որում նախարարը վարչապետին կոչ էր արել դադարեցնել երկրում դատաիրավական փոփոխությունների գործընթացը։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։

Հաղորդվում է, որ Նեթանյահուն հրավիրել է Գալանտին հանդիպման և ասել, որ այլևս չի հավատում իրեն որպես պաշտպանության նախարարի:

Գալանտը մտահոգություն է հայտնել իսրայելական բանակում տեղի ունեցող անկարգությունների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար: Վկայակոչելով ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ Գալանտը Նեթանյահուի կոալիցիային խնդրել է սպասել մինչև հաջորդ ամիս արձակուրդից խորհրդարանի վերադարձը՝ նախքան Գերագույն դատարանը թուլացնելու իր պառակտիչ ծրագիրը առաջ տանելը:

«Հանուն Իսրայելի անվտանգության, հանուն մեր որդիների ու դուստրերի, օրենսդրական գործընթացը պետք է առայժմ կասեցվի», – ասել է Գալանտը։

«Իսրայելի հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունները չեն խնայում Իսրայելի պաշտպանության ուժերը. բոլոր կողմերից բարկության, ցավի և հիասթափության զգացումներ են առաջանում այնպիսի ինտենսիվությամբ, որը ես նախկինում չեմ զգացել», – նշել է նա՝ ընդգծելով․ «Ես տեսնում եմ, որ մեր ուժի աղբյուրը քայքայվում է»:

Դատական ​​համակարգի նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու կառավարության ծրագիրը առաջացրել է Իսրայելի պատմության մեջ ամենամեծ բողոքի շարժումը և մեծ ազգային ճգնաժամ, ներառյալ քաղաքացիական պատերազմի մասին նախագահի նախազգուշացումները: