«Անկախ դիտորդը» հայտնում է Սիսիանում արձանագրած ընտրախախտումների մասին

Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդը» արձանագրել է մի շարք ընտրախախտումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Ըստ Իոաննիսյանի՝ այդ ընտրախախտումներն են․

«1. ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության և քվեարկության օրերին (այդ թվում այդ օրերին) Facebook-ում իրենց թեկնածու Արմեն Հակոբջանյանի նախընտրական քարոզչության իրականացման համար (Meta-ի հաշվետվության հղումը՝ մեկնաբանությունում):

  1. Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության բերված դիմումի ըստ էության քննարկումը: Դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննարկել (մենք չենք պնդում, որ հայցապահանջը պետք է բավարարվեր), ինչպես արել էր 2021-ին մեկ այլ կուսակցության դեմ բերված ՔՊ-ի հայցով:
  2. ՔՊ-ն բազմաթիվ շարք արգելված վայրերում փակցրել է պաստառներ, իսկ Համայնքային իշխանությունը (որը ՔՊ-ական է) չի կատարել դրանք հեռացնելու իր գործառույթը: Պաստառները հեռացվել են միայն քարոզարշավի վերջում՝ 34-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) միջամտությամբ:
  3. ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են համայնքապատկան տրանսպորտային միջոցներ, ինչը, իմիջիայլոց, մասամբ արձանագրել է նաև ԸԸՀ-ն:
  4. «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական պաստառներ և բուկլետները եղել (բաժանվել) են օրեքով արգելված վայրերում:
  5. Մի շարք դեպքեր են նկատվել, երբ ընտրողին օգնողը, ըստ էության, ընտրողի փոխարեն էր քվեարկում (օգնելու պրոցեոսում ընտրողին չէր էլ հարցնում, թե ում քվեարկի, կամ, հակառակը, պարզապես վերահսկում էր ընտրողի ինքնուրույն քվեարկությունը)»։

Իոաննիսյանը հայտնել է նաև, որ «Անկախ դիտորդի» արձանագրումները շատ ավելի շատ են, դրանց մասին մանրամասն կխոսեն վաղը:

Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող լուրերին՝ գրելով․ «Քանի որ թեման շատ է քննարկվում, ասեմ, որ մենք ընտրակաշառքի մասին որևէ արժանահավատ տեղեկատվություն չունենք: Մամուլով այս թեման շատ աղավաղված է տարածում (դե-ֆակտո ՔՊ-ի դեմ կեղծ լուրերով հակաքարոզ է)»։