Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

Ուղերձում ասվում է.

«Հնագույն քաղաքակրթություն ներկայացնող հայ եւ հույն ժողովուրդները ավելին են, քան բարեկամներ, որոնք դարեր ի վեր արարել են կողք-կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում:

Մեր ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պատմական սերտ առնչությունների եւ ընդհանուր արժեհամակարգի վրա, իսկ մշակութային եւ տնտեսական կապերը սկիզբ են առնում դեռեւս վաղնջական ժամանակներից:

Վերջին երեսուն տարիներին Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններն ավելի են ամրապնդվել եւ խորացել` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ եւ ձեւաչափեր:

Վստահ եմ, որ հետագայում առավել կընդլայնենք երկկողմ կապերի առկա ներուժը՝ միավորելով մեր ջանքերը տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն»: