ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մյուս թշնամիների դանդաղ քայլերը տարբեր տարածաշրջաններում․ մաս 3

Մաս 2 https://livenews.am/press/2023/218904/22/18/14/

Մաս 1 https://livenews.am/press/2023/218764/21/18/24/

Եվ ահա, մինչ ԱՄՆ-ը պատրաստում է կովկասյան թաթարներին Իրանի դեմ պատերազմի, որին անդրկովկասյան հանրապետության կողմից կմասնակցի Թուրքիան, ասել է թե ՆԱՏՕ-ն, Հայաստանի կառավարությունը վերջերս հրավիրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: ՆԱՏՕ-ի այս նախկին պաշտոնյայի այցը, չգիտես ինչու, մատուցվեց որպես երևանյան պրոթուրքական խամաճիկների կառավարության հաջողություն։ Միևնույն ժամանակ, Ռասմուսենի հայտարարությունները, որոնք կոչված էին հայ հասարակությանը ապացուցելու Արևմուտքի ցանկությունը՝ կանխելու կեղծ-ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի և արցախահայության դեմ, դարձավ տեղեկատվական փուչիկ, որը կոչված էր թաքցնել Արևմուտքի իրական առաջնահերթությունները Անդրկովկասում։ Իսկ այդ առաջնահերթությունները նույնն են, և դրանք տարեցտարի անփոփոխ են.

1) Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։

2) Եվրամիության և կեղծ-ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցություն հաստատել՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

3) հասնել արցախյան հարցի այնպիսի լուծման, երբ Արցախը միանշանակ և անվերապահորեն ճանաչվում է որպես կեղծ-ադրբեջանի տարածք:

4) Կեղծ-ադրբեջանին նախապատրաստել Իրանի հետ պատերազմի՝ դրանով իսկ հնարավորություն տալով Թուրքիային ռազմաքաղաքական գործունեությունը տեղափոխել Եվրոպայից հեռու՝ արևելք և հյուսիս-արևելք, որտեղ թուրքերը Արևմուտքի և սիոնիստների «հանձնարարությամբ» պանթյուրքիզմ կտարածեն։ Ուստի, մինչ Հայաստանում ուրախությամբ դիմավորում էին ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյային, որն զբաղված է բառախաղերով, և «երևանյան թուրքերը» գոռում են, թե ինչ «հաջողություն» է Սյունիքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, մինչ նրանք «խոսում են» այն մասին, թե իբր արշավ են սկսել Արցախում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար, միևնույն ժամանակ, անխնա և սադրիչ նպատակներով ավելի հաճախ են «կծում» Ռուսաստանին, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործող զինվորականները հանգիստ այցելում են Բաքու և լուրջ բաներ քննարկում կեղծ-ադրբեջանի ղեկավարության հետ։ Իհարկե, եզրակացությունները թողնում ենք ընթերցողներին:

Կրկնում ենք՝ անկախ նրանից, թե Թուրքմենստանում եղել է, կա կամ կլինի Իսրայելի դեսպանատուն, մենք պետք է հստակ հասկանանք, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և արևմտյան երկրների առկայությունը Կասպից ծովի ափին վտանգավոր է, և ոչ միայն Իրանի համար, այլև Ռուսաստանի, և նույնիսկ՝ Հայաստանի համար։ Ի վերջո, դեռ 2018-ին Ղազախստանը բացեց իր Կասպյան Ակտաու և Կուրիկ նավահանգիստները ԱՄՆի համար, ինչն «ընդգծեց երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը», քանի որ «Ակտաու և Կուրիկ նավահանգիստների մուտքը թույլ կտա Միացյալ Նահանգներին օգտագործել ապրանքների առաքման այլընտրանքային երթուղի՝ շրջանցելով Ռուսաստանը»: Ինչպես 2018-ի մարտին հայտնել էին տարբեր լրատվամիջոցներ, ամերիկյան «ապրանքները կտեղափոխվեն Ադրբեջան-Կասպից ծով-Ղազախստան երթուղով»։ Դե, ինչ, «դոմինոյի բոլոր քարերը տե՞ղն ընկան»։

Ահա թե ինչու Չինաստանի միջնորդությունը, որի շնորհիվ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի և Իսրայելի «ոտքերի տակից պլստում է» հակաիրանական պատրաստություններում, վճռորոշ նշանակություն է ստանում։ Մեզ հետ համակարծիք են նաև Իրանի փորձագետները։ Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի Սալամին հարցազրույց է տվել հայկական «168.am» հրատարակչությանը, որում, խոսելով Չինաստանի միջնորդությամբ Թեհրանի և Էր Ռիադի պայմանավորվածության մասին, նշել է, որ իրանա-սաուդական համաձայնագիրը կարևոր է, այդ թվում՝ Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի համար։ Նա հիշեցրել է, որ հանդիպման արդյունքում մարտի 10-ին Թեհրանն ու Էր Ռիադը հանդես են եկել համատեղ պաշտոնական հայտարարությամբ: «Բանակցությունների համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերսկսել իրենց դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատներն ու դիվանագիտական առաքելությունները առավելագույնը երկու ամսում»,- այս մասին ասվում է Իրանի IRNA պետական լրատվական գործակալության հրապարակած փաստաթղթում։ Երևանյան այս պարբերականի հետ զրույցում իրանցի վերլուծաբանն ասել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան վերջին շրջանում ակտիվ բանակցություններ են վարել, և կարևոր է, որ նման արդյունքի են հասել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջնորդությամբ, ինչը կխորացնի ինչպես երկկողմ, այնպես էլ այս երեք երկրների միջև բազմակողմ հարաբերությունները: Նա նշեց, որ երկար ժամանակ բավականին զգուշավոր աշխատանք է տարվել, քանի որ կանխատեսումներ ու հրապարակումներ են եղել, որ միգուցե ԱՄՆ-ը կամ այլ կողմերը կարող են կանխել դա։ Սալամին նաև ընդգծել է Իրանի նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի՝ փետրվարի կեսերին Չինաստան կատարած եռօրյա այցի կարևորությունը, որը առաջինն է վերջին 20 տարում, ինչպես նաև 2021 թվականին Պեկինի և Թեհրանի միջև ստորագրված համապարփակ համաձայնագիրը։

Վերլուծաբանի գնահատմամբ, այս պայմանավորվածությունները էապես կբարձրացնեն Իրանի և Չինաստանի դերն այս տարածաշրջանում, ինչպես և կոնկրետ Անդրկովկասում, կնվազեցնեն նրանց թշնամիների և ընդհանուր հակառակորդների հնարավոր քայլերի ռիսկերը, կամրապնդեն համագործակցությունը Պարսից ծոցի ավազանում: «Դժվար է թերագնահատել այս ամենի նշանակությունը Իրանի համար, հատկապես աշխարհաքաղաքական այս փուլում, երբ ռիսկեր են նկատվում։ Կարծում եմ, որ դա մեծ ազդանշան կլինի բոլոր երկրների համար, որոնք հակված են արկածախնդրության»,- պնդում է Սալամին։ Նա նաև կարծում է, որ Իրանի դիրքերի ամրապնդումը և արտաքին քաղաքական հարցի այդպիսի լուծումը կնպաստի Իրանի հարավկովկասյան քաղաքականությանը, որտեղ Հայաստանի անվտանգությունը կարևոր կարմիր գիծ է հայտարարված Թեհրանի համար: Ուստի, ըստ նրա, սա կարևոր նորություն է նաև Հայաստանի համար, որն այժմ հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ «Ինչպես տեսնում ենք վերջին տարիներին, Հարավային Կովկասի տեղն ու կապը այլ տարածաշրջանների, մասնավորապես, Մերձավոր Արևելքի հետ էապես փոխվում են, հետևաբար տեղի ունեցող գործընթացները, իրոք, վերաբերում են նաև մեր տարածաշրջանին և Հայաստանին։ Եվ սա միանշանակ հայ-իրանական համատեղ շահերին ծառայող իրադարձություն է, որը թույլ կտա ավելի վստահ աշխատել և զսպել հակառակորդներին՝ խորացնելով տարածաշրջանային համագործակցությունը»,- եզրափակել է իրանցի վերլուծաբանը։ Դուք կարող եք ոչինչ չավելացնել այս եզրակացություններին, իհարկե, բայց մենք կհիշեցնենք, որ 2023 թ. մարտի 18-ին հաջողությամբ ավարտվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ համատեղ ռազմածովային զորավարժությունները՝ «անվտանգության գոտի-2023» ծածկանունով։ Իրանի ռազմածովային ուժերից դրանց մասնակցել են «Սահանդ» և «Ջամարան» ֆրեգատները, «Բայանդոր» կորվետը, «Տոնդար» հրթիռային նավը, «Զերեխ» փոքր հրթիռային նավը, «Սիրժան» օժանդակ նավը, «Շահիդ Նազերի» տրանսպորտային նավը և այլն։ Չինաստանի ռազմածովային ուժերից գործի է դրվել Nanning հրթիռային Էսկադրային ականակիրը։ Ռուսաստանը զորավարժության ժամանակ ներկայացնում էր Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատը, որը բաղկացած էր «Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Գորշկով» ֆրեգատից և «Կամա» միջին ծովային տանկերից… Այդ զորավարժությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը նշված տարածաշրջաններում ունեն համընկնող նպատակներ և փոխադարձ շահերի նոր հավասարակշռություն։ 

Սերգեյ Շաքարյանց 

Հոդվածի ռուսերեն տարբերակը՝ այստեղ