ԱՄՆ-ում անսպասելի առաջարկ են արել Ուկրաինային

ԱՄՆ-ը պետք է համոզի Ուկրաինային համաձայնել նոր շրջանների միացմանը Ռուսաստանին՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց, նման կարծիք է հայտնել Պենտագոնին և ԱՄՆ Սենատին առընթեր պաշտպանական քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Մարիո Լոյոլան «Ատլանտիկ» պարբերականում հրապարակված հոդվածում:

«Միացյալ Նահանգները պետք է խրախուսի Ուկրաինային տարածք վաճառել ռուսներին մեծ գումարի դիմաց, ներառյալ փոխհատուցումները: Շատ պատերազմներ պատվով լուծվել են այս կերպ»,- գրել է նա:

Այս արդյունքի դեպքում, ըստ հեղինակի, ավելի միատարր ուկրաինական պետությունը «քաղաքականապես ավելի կայուն կլիներ և ավելի մեծ հնարավորություն կունենար անդամակցելու Եվրամիությանը և, հնարավոր է, նույնիսկ ՆԱՏՕ-ին»:

Հակամարտության խաղաղ կարգավորումից հրաժարվելու դեպքում ամենահավանական սցենարը Լոյոլան անվանել է Ռուսաստանի միակողմանի հրադադարը, որն ամրապնդվել է ռազմական գործողությունների շարունակման դեպքում միջուկային զենքի կիրառման սպառնալիքով: Ընդ որում, հեղինակը նշել է, որ նման սցենարի դեպքում Ռուսաստանն ավելի ուժեղ է մերձենալու Չինաստանի հետ, ինչը կնշանակի ԱՄՆ հեգեմոնիայի վերջնական անկում։