Արցախը դատարկելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում․ Արցախի պետնախարար

Արդեն 102-րդ օրն է՝ Արցախը պաշարման մեջ է, փակ է Հայաստանի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով։ Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արգելափակումը, դա արցախցիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է, քանզի Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ իր տարբեր գործողություններով։
«Առաջին՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է։ Դա տեղի է ունենում  էներգամատակարարման, գազամատակարարման  պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելով,  Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով։
Երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է։ Դա ոչ միայն կատարվում է փաստացի գործողություններով, մշտապես զուգորդվում և  ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով։
Երրորդ գործողությունը, որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտի, անիշխանության, անորոշության վիճակ ստեղծելն է։
Չորրորդ գործողությունը՝ Արցախի էթնիկ զտումն է ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով, դրա համար փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը դատարկելու համար, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,- թվարկեց Գ. Ներսիսյանը։
Նա նշեց, որ  ճանապարհի արգելափակման առաջին օրվանից ապավինել են ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում մի կերպ հասցնում են պարեն, դեղորայք, առաջին  անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը։
Պետնախարարի խոսքով, լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին, տարբեր ոլորտներին, հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ։
Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշեց, որ նրա աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում ոճրագործություններ,  մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր։
«Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ իսկ  պատճառով Ադրբեջանը ամենօրյա և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայացված չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլև ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ Ադրբեջանը նույնիսկ ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններ ու այդ ամենից հետո շարունակելով մնալ անպատիժ»,- ընդգծեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։