Ալիևը բառացի ասաց՝ եթե ՀՀ-ն չընդունի իր պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Փաշինյան

«Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել: Որովհետև 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության և 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի»:

«Այս հայտարարություններից հետո, որը ուղիղ արձանագրում է, որ խորհրդային սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանմիզմներ են հարկավոր»,-ասաց Փաշինյանը: