Կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների` քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հետ կապված հայտարարություններին` հիշեցրել այն պատճառների մասին, որին մի քանի առիթով անդրադարձել է:

Վերջինս մասնավորապես նշել է, որ հանձնաժողով չգնալու իր հիմնական պատճառն այն է, որ «չի գնալու մի վայր, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես՝ ինչպես ցանկանում են»:

Խնդիրն այն չէ, թե ում է արձագանքել գեներալ Խաչատրյանը, ինչպես է դա արել, նույնիսկ այս պահին չեմ էլ քննարկում, թե որն է ճիշտ` գնա՞լը, թե՞ չգնալը:

Հանրային տեսանկյունից, Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց, ձևակերպել իր դիրքորոշումը` դրանով կանխելով իշխանության ներկայացուցիչների` իր անունից խոսելու կամ արժանապատվությունը խոցելու փորձերը:

Տիրան Խաչատրյանի հետ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ ծանր քննարկումներ ենք ունեցել, նաև հանրային հարթակներում, բայց կարևոր եմ համարում, որ նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում, քննարկման համար պատրաստակամ է և այն զինվորականներից է, ով ծառայության մեջ չգտնվելով իր անելիքն ավարտված չի համարում:

Կրկնում եմ` կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են»: