Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական և պաշտպանական իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:

Չինաստան

  • Թայվանի Արդան կղզու ռազմաօդային բազայում երեկոյան ստուգայցի ժամանակ պակասել է մեկ զինծառայող։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ զինծառայողը լողալով հասել է Չինաստանի ափ (մոտ 5 կմ) և կամավոր հանձնվել տեղի իշխանություններին։
  • Գեներալ Լի Շանֆուն նշանակվել է Չինաստանի պաշտպանության նոր նախարար։ 2018-ին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Շանֆունի դեմ, քանի որ նա կանգնած էր ռուսական սպառազինության՝ СУ-35С կործանիչների և С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետևում: Չինաստանի պաշտպանության նոր նախարար Լի Շանֆուի նշանակումը խոսում է չինական բանակի առաջիկա արդիականացման և բանակի ակտիվ ռազմատեխնիկական զարգացման վրա կենտրոնանալու մասին: Իսկ Չինաստանի հասարակական անվտանգության նախարար Վան Սյաոհոնգը պահպանել է իր պաշտոնը։
  • Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն կոչ է արել արագացնել զինված ուժերի զարգացումը և դրանց արդիականացման գործընթացը՝ հայտարարելով, որ այն պետք է լինի «Չինաստանի մեծ պողպատե պատը»։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը NBC ցանցին տված հարցազրույցում ասել է, որ վերջին ժամանակներս Չինաստանի պահվածքը «տագնապալի է», և որ այն դառնում է «համակարգային մարտահրավեր աշխարհակարգին»:
  • Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ AUKUS համաձայնագրի շրջանակներում ավստրալացիների կողմից երեք ատոմային սուզանավ գնելու փաստին՝ «Երեք երկրները նախընտրեցին անտեսել միջազգային հանրության մտահոգությունը և որոշեցին գնալ վտանգավոր ճանապարհով»։ Նշենք, որ AUKUS դաշինքի ներկայիս կազմաձևի առաջնահերթ խնդիրը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դեմ պայքարն է: Կանադայի հետ միասին դաշնակիցները նաև «հինգ աչք» հետախուզական դաշինք են կազմում։
  • Արաբական ծովի ջրատարածքում, որը զորավարժությունների համար ակտիվորեն օգտագործում են ԱՄՆ ՌԾՈՒ ավիակիր հարվածային խմբերը, մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ՌԾՈւ ռազմածովային զորավարժությունները: Ռուսաստանի ռազմածովային ուժերի պահեստային փոխծովակալ, ռազմական պատմաբան Յուրի Կիրիլովը զորավարժությունների վերաբերյալ կարծիք է հայտնել, թե «Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի «Ծովային անվտանգության գոտի-2023» համատեղ զորավարժությունները կոչված են ցույց տալու ԱՄՆ-ին, որ դաշնակիցները համատեղ վերահսկելու են նավթի փոխադրման համաշխարհային գլխավոր երթուղիները»։
  • Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Վլադիմիր Պուտինի հրավերով գտնվում է Ռուսաստանում։ Այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարները Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների «նոր դարաշրջան» մտնելու մասին հռչակագիր են ստորագրել: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են աջակցել միմյանց շահերի պաշտպանությանը, առաջին հերթին՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ոլորտում։
  • Թայվանը ներկայացրել է իր հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաեւ արգելապատնեշային զինամթերքը, որոնք պատրաստ են օգտագործման Չինաստանի հետ ասիմետրիկ պատերազմի հայեցակարգի շրջանակներում:
  • Թայվանական բանակը ռազմաօդային ուժերի և նավատորմի հետ համատեղ սկսում է կղզու ապաշրջափակման լայնածավալ զորավարժություններ՝ Չինաստանի կողմից ներխուժման սցենարով:
  • ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ Չինաստանն ունի հիպերձայնային զենքի երկու հետազոտական տարածք և 21 հողմային թունել։ Խողովակներում իրականացվում են տրանսպորտային միջոցների փորձարկումներ մինչև 12 Մախ արագությամբ: Չինաստանի հիպերձայնային զինանոցը ներառում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ DF-17 հիպերձայնային պլանավորման սարքով՝ 1600 կմ հեռահարությամբ, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ DF-41, որը կրում է նաև հիպերձայնային պլանավորման մեքենա, հիպերձայնային պլանավորման սարք DF-ZF՝ 2000 կմ հեռահարությամբ, «Աստղային երկինք-2» (Starry Sky-2) հիպերձայնային նախատիպը, որն ունակ է միջուկային զենք կրել։
  • Զենքի համաշխարհային արտահանման վերաբերյալ SIPRI-ի զեկույցի համաձայն Ասիան և Օվկիանիան շարունակում են մնալ առաջատար ներմուծող տարածաշրջանը։ 2018-2022 թվականներին զենքի խոշոր մատակարարումների 41%-ը բաժին է ընկել Ասիային և Օվկիանիային, ինչը մի փոքր պակաս է, քան 2013-2017 թվականներին: 2018-2022 թվականներին տարածաշրջանի վեց պետություններ ընդգրկվել են աշխարհում 10 խոշոր ներմուծողների շարքում՝ Հնդկաստան, Ավստրալիա, Չինաստան, Հարավային Կորեա, Պակիստան և Ճապոնիա: Արևելյան Ասիայի պետությունների կողմից զենքի ներմուծումը 2013-2017-2018-2022 թվականներին աճել է 21%-ով: Չինաստանի կողմից զենքի ներմուծումն աճել է 4,1 տոկոսով, որի մեծ մասը ստացվել է Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, Արևելյան Ասիայում ամենամեծ աճը ունեցել են ԱՄՆ դաշնակիցները Հարավային Կորեայի (+61%) և Ճապոնիայի (+171%) պայմանագրով: Ավստրալիան՝ Օվկիանիայում զենքի խոշոր ներմուծողը, ավելացրել է իր ներմուծումը 23%-ով։

Ռուսասատան

  • «Կալիբր» թեւավոր հրթիռներով կարող են համալրել ռուսական բոլոր սուզանավերը, հայտարարել է ՌԴ ՌԾՈւ գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը: «Կալիբրի» փորձարկումները տեղի են ունեցել երկրորդ սերնդի սուզանավերում։ Հաջորդ քայլը սուզանավերը հիպերձայնային հրթիռային զենքով զինելն է, նշել է զորահրամանատարը։
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը Չինաստանի աջակցությամբ «կարող է սառեցնել ուկրաինական հակամարտությունը իր պայմաններով»: Վաշինգտոնը կփորձի դա թույլ չտալ։
  • Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցության բեկումնային պայմանավորվածության շրջանակներում «Ռոսկոսմոսին» եւ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է բանակցություններ վարել չինացի գործընկերների հետ եւ արբանյակային նավիգացիայի ոլորտում համագործակցության ենթահանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:
  • Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ կողմերը կոչ են անում AUKUS-ին կատարել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պարտավորությունները։ ՉԺՀ-ն և ՌԴ-ն պնդում են, որ ՆԱՏՕ-ն պահպանի կազմակերպության պաշտպանական բնույթը և հարգի ուրիշների ինքնիշխանությունը։ Չինաստանը և Ռուսաստանը մտահոգված են ԱՄՆ ռազմական և կենսաբանական գործունեությամբ և կոչ են անում Միացյալ Նահանգներին արագացնել քիմիական զենքի իր պաշարների վերացումը: Երկու պետություններն էլ մտահոգված են հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի ստեղծման ուղղությամբ ԱՄՆ-ի գործունեության ակտիվացմամբ։ Կողմերը դեմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ սահմանված բոլոր միակողմանի պատժամիջոցներին: ՌԴ-ն և ՉԺՀ-ն ծրագրում են ամրապնդել համապարփակ գործընկերությունը էներգետիկայի ոլորտում։ Կողմերը դեմ են ՏՏ ոլորտի ռազմականացմանը: Կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության մասին հարցեր։
  • Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը հաստատել է Ռուսաստանից 4++ սերնդի СУ-35С կործանիչների գնումը։ Նշենք, որ СУ-35С կործանիչները Թեհրանի համար կհամալրվեն նաև «Խիբինի» ռադիոէլեկտրոնային հակազդման համալիրներով։
  • ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գործարան։ Նրան ներկայացվել են սերիական արտադրության սպառազինության նորագույն նմուշները, զեկուցվել են ռուսական բանակի կողմից կիրառվող գերճշգրիտ զենքի արդիականացման տարբերակները։
  • ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի գլխավոր դատախազության եւ ԱԴԾ-ի հետ «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների հետաքննության հարցում:
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում մոբիլիզացիայի երկրորդ ալիքը չի քննարկվում:
  • Մարտի 14-ին Ղրիմի թերակղզու շրջանում Սեւ ծովի ջրատարածքի վրա Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային տարածքի վերահսկողության միջոցներով գրանցվել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչքը ՌԴ Պետական սահմանի ուղղությամբ, որը չեզոքացվել է։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ԱԹՍ-ն է Ղրիմի ուղղությամբ փակ օդային տարածք, ապա ընկել է ինքն իրեն՝ կտրուկ մանևրելու արդյունքում։ Իսկ ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին մտահոգություն կհայտնի Սև ծովի վրա տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Ինչպես նաև նշել են, որ ԱՄՆ-ը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Սեւ ծովում խորտակված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքը չհայտնվի օտարների ձեռքում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան դիտարկում է ամերիկյան ուժերին Բոսֆորի նեղուց մուտք գործելու հնարավորությունը՝ կործանված ԱԹՍ-ն վերցնելու համար։

Թուրքիա

  • Թուրքիան նախատեսում է երկու տարի անց սպառազինության մեջ ընդգրկել «Super Block 1» զենիթահրթիռային համալիրը, որը կարող է խոցել մինչեւ 120 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
  • Թուրքիան Լիբիայում տեղակայել է Bayraktar TB2S նորագույն հարվածային անօդաչուներ, որոնք հագեցած են SATCOM արբանյակային կապի համակարգով։ Սարքը հագեցած է նաեւ Cats նոր օպտիկա-էլեկտրոնային համակարգով եւ թուրքական ASELSAN ընկերության Milser ՌԼԿ-ով, ինչը թույլ է տալիս սարքին աշխատել սահմանափակ տեսանելիության պայմաններում, ներառյալ մառախուղը: Նորացված օպտիկա-էլեկտրոնային համակարգով սարքը ցանկացած եղանակին կարող է ֆիքսել ցածր արագությամբ փոքր և արագ շարժվող թիրախներ:
  • ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Եգիպտոսի հետ։
  • Թուրքիան ներկայացրել է Anka-3 հարվածային անօդաչուն, որը ստեղծվել է ռադիոտեղորոշիչ տեսանելիության նվազեցման տեխնոլոգիայի կիրառմամբ:
  • Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ անդրադառնալով ԱՄՆ-ից արդիականացված F-16 կործանիչներ գնելու հարցին, հայտարարել է. «ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք գիտենք, որ Սպիտակ տունն աջակցում է բանակցություններին: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը որոշում կկայացնի՝ առաջնորդվելով ողջախոհությամբ և տրամաբանությամբ։ Ուզում ենք, որ բոլորն իմանան, որ մենք անճար վիճակում չենք և ունենք այլ տարբերակներ»։
  • Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն 2022թ․ զենքի արտահանման վերաբերյալ տվյալներով Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում Կատարն է՝ մոտ 20%, այնուհետև ՄԱԷ-ն՝ 17% և Հորդանանը՝ 13%։ Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։
  • Հունական «Pentapostagma» պարբերականը հայտնել է, որ թուրքական հարձակողական ATAC-II հարվածային ուղղաթիռի նախատիպը (T929) այս ամիս կսկսի ցամաքային փորձարկումները ուկրաինական շարժիչներով։
  • Թուրքիայում շարունակվում են հինգերորդ սերնդի թուրքական TF-X կործանիչի փորձարկումները: Հաջողությամբ գործարկվել են շարժիչները եւ մասամբ փորձարկվել են ղեկային համակարգերը: Նշենք, որ չնայած ամերիա-թուրքական լարված հարաբերություններին, անցյալ տարի թուրքական լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություններ հայտնվեցին F110-GE-129E-ի նոր մատակարարումների մասին՝ հատուկ TF-X-ի առաջին նախատիպերի համար։

Հնդկաստան

  • Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատվիրել են 2,5 միլիարդ դոլար արժողությամբ 200 միավոր «BrahMos» թեւավոր հրթիռներ, որը կտեղադրվի երկրի ժամանակակից ռազմանավերի վրա եւ ռազմածովային ուժերին թույլ կտա պահպանել հրթիռների պաշարները ցանկացած հնարավոր հակամարտության դեպքում:
  • Հնդկաստանի պաշտպանական գնումների խորհուրդը հաստատել է 705 միլիարդ ռուփի (8,52 միլիարդ դոլար) զենքի գնումը ազգային ռազմաօդային ուժերի համար: Ռազմածովային ուժերը հաստատել են 560 միլիարդ ռուպիի գումարը: Հաստատված գնումների ցուցակը ներառում է հրթիռներ BrahMos, 50 ընդհանուր նշանակության ուղղաթիռ, ՌԾՈՒ էլեկտրոնային համակարգեր և 307 միավոր 155 մմ/52 տրամաչափի քարշակ հրետանի, ինչպես նաև բարձր անցունակությամբ մեքենաներ և քարշակներ: Միությունը հավանություն է տվել նավային դիզելային շարժիչի արտադրությանը, որն առաջինը կլինի Հնդկաստանի համար, ինչպես նաեւ ՌՕՈՒ-ի առաջարկը՝ СУ-30МКИ կործանիչի վրա հեռահար զենք օգտագործելու վերաբերյալ:
  • Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանքարը հայտարարել է, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև իրավիճակը Արևելյան Լադախում փաստացի վերահսկողության գծի երկայնքով շարունակում է մնալ «շատ փխրուն» և «բավականին վտանգավոր», քանի որ երկու երկրների զինված ուժերը որոշ մասերում տեղակայված են միմյանց շատ մոտ:
  • Հնդկաստանի DRDO պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական կազմակերպության կողմից մշակված նոր 1000 կգ բարձր ճշգրտությամբ կառավարվող «Long Range Stand-Off Weapon» (LRSOW) օդային ռումբը՝ 100 կմ հեռահարությամբ կիրառվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի SU-30MKI կործանիչի ֆյուզելյաժի տակ:
  • «The Economic Times» հնդկական պարբերականը գրել է, թե Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ Հնդկաստանը Ռուսաստանին և Եվրոպային միացնելու համար։ «Առաջարկվող միջանցքը, որը կստեղծվի Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, կմիացնի Մումբայը Իրանի Բանդար Աբասին, այնուհետև կկապվի Հայաստանին և կընթանա դեպի Եվրոպա կամ Ռուսաստան՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի՝ հաշվի առնելով վերջինիս սերտ կապերը Թուրքիայի և Պակիստանի հետ»,- նշել է թերթը:

Իրաք

  • Լրացել է ամերիկյան զորքերի Իրաք ներխուժելու 20 տարին։ Իրաք ներխուժումից 20 տարի անց երկրի շատ խնդիրներ ոչ միայն մնում են չլուծված, այլ նաև սրվել են։ Նավթի ռեկորդային գներից միլիարդների հասույթը դուրս է գալիս երկրից, Իրաքի որոշ հատվածներ փաստացի չեն վերահսկվում մայրաքաղաքի կողմից, կայուն կառավարություն ստեղծել մշտապես չի հաջողվում։ Միլիոնավոր երիտասարդ իրաքցիներ աշխատանք չունեն և դժվարությամբ են պատկերացնում ապագան։ Նշենք, որ ռազմական գործողություններն Իրաքում սկսվել են 2003թ. մարտի 20-ին և ավարտվել ապրիլի 9-ին, երբ ԱՄՆ զորքերը գրավեցին Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։ 2003թ. մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց ակտիվ ռազմական գործողությունների ավարտի մասին։ Ռազմական գործողությունը ստացել էին «Իրաքյան Ազատություն» անվանումը։
  • Իրանի եւ Իրաքի իշխանությունները կիրակի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը, մասնավորապես, նախատեսում է երկու երկրների միջեւ սահմանի պահպանության ուժեղացում։
  • Ամերիկյան իշխանությունները պլանավորում են առաջ նայել Իրաքի հետ հարաբերություններում եւ չեն պատրաստվում գնահատել այդ երկրում պատերազմի սխալները, մարտի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:
  • 20 տարի առաջ Իրաքի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ի բանակի և նրա դաշնակիցների կողմից զինամթերքի մեջ սպիտակ ֆոսֆորի և քայքայված ուրանի օգտագործումը հանգեցրել է նրան, որ երկրում կտրուկ աճ է արձանագրել ուռուցքային հիվանդությունների քանակը:
  • Րաբբի Արիելը հայտարարել է. «Ես այն մարդն եմ եղել, ով Թրամփին բերել է իշխանության։ Մենք կհարձակվենք Իրաքի և Թուրքիայի վրա, կհասնենք Իրան և այնտեղ կհաստատենք հուդայականության բոլոր օրենքները, և խաղաղություն չի լինի, քանի դեռ մենք չենք ոչնչացրել մուսուլմանների և քրիստոնեության կրոնական վայրերը»։

Սիրիա

  • Ամերիկացի զինվորականները մարտի 1-ից Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից «ոչ պրոֆեսիոնալիզմի զգալի աճ» են նկատում: Այս մասին հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Էրիկ Կուրիլան ՝ որպես օրինակ բերելով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների վրայով ռուսական ինքնաթիռների թռիչքները:
  • Ինչպես հայտնում են թուրքական դիվանագիտական աղբյուրները, սիրիական իշխանությունները կպահանջեն անվերապահ և արագ դուրս բերել Թուրքիայի զինված ուժերը Սիրիայից։ Բաշար Ասադը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, եթե Թուրքիան դուրս բերի իր զորքերը Սիրայի տարածքից։
  • «Wall Street Journal» պարբերականի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը Դամասկոսին «Կարգավորման մասին համաձայնագիր» են առաջարկել։ Պայմանները հետևյալն են. Ասադը Սիրիայի ընդդիմության հետ միասին առաջ է մղելու քաղաքական գործընթացը, թույլ կտա փախստականների վերադարձը, կաշխատի թմրանյութերի մաքսանենգության դադարեցման և երկրում Իրանի մասնակցության կրճատման ուղղությամբ: Մյուս կողմից, արաբական երկրները միլիարդավոր դոլարներ կներդնեն Սիրիայում, իսկ եվրոպական երկրները կչեղարկեն պատժամիջոցների մի մասը։
  • Թուրքական աղբյուրները հայտնում են Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ մոսկովյան գագաթնաժողովի չեղարկման մասին։
  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Հալեպի օդանավակայանին։ Հրթիռային հարվածները հասցվել են Միջերկրական ծովի կողմից օդանավակայանի շրջակայքում մարտի 22-ի առավոտյան ժամը 4-ին։ Արդյունքում օդանավակայանին զգալի նյութական վնաս է պատճառվել։ Հարձակման պատճառով օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքը։ Տուժածների մասին Սիրիական իշխանությունները դեռ չեն հայտնում։
  • Ռուսական ռազմական ոստիկանությունը Այն էլ Արաբ քաղաքի (Քոբանի) արևելյան արվարձանների առանձին պարեկությունն իրականացրել է առանց թուրքական կողմի մասնակցության։
  • Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավանություն է տվել իր երկրում ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը։
  • «Walla» գործակալությունը հայտնում է, որ Իրանն աշխատում է Սիրիայում հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանների ցանցի ստեղծման վրա՝ միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածի դեպքում ահազանգելու համար:

Իսրայել

  • Իսրայելի ՌՕՈւ-ն հարված է հասցրել սիրիական Մասյաֆի մոտակայքում գտնվող անհայտ թիրախին:
  • Արաբական Միացյալ Էմիրությունները ժամանակավորապես սառեցնում է Իսրայելի հետ զենքի պայմանագրերը Նեթանյահուի կառավարության քաղաքականության պատճառով:
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կառավարության պաշտոնյաներին արգելել է հանդիպել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ այնքան ժամանակ, քանի դեռ նա ինքը չի հրավիրվել Սպիտակ տուն՝ որպես Իսրայելի նոր վարչապետ:
  • Լիտվական ոչ կառավարական կազմակերպություններից մեկը Իսրայելից անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման 16 ռադիոտեղորոշիչ կայան է գնել՝ դրանք Կիևին փոխանցելու համար: Կլայպեդայում արդեն սկսվել է տվյալ համակարգերի Ուկրաինական օպերատորների ուսուցումը։
  • Լիբանանյան «Հըզբոլլահը» նախազգուշացրել է Իսրայելին՝ «Եթե Իսրայելը գործողություն իրականացնի Լիբանանում, Պատասխանը պարզ կլինի»։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հերթին նշել է. «Մենք կպատասխանենք ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»։
  • Մարտի 18-ին հրթիռային տագնապ է հնչել Իսրայելի հարավում։ Նշվում է, որ հրթիռի արձակում է եղել Գազայի հատվածից։ ՑԱԽԱԼ-ը հաստատում է, որ հրթիռն ընկել է բաց տարածքում:

ՆԱՏՕ

  • Պենտագոնը 300 մլրդ դոլար բյուջետային միջոցներ է ցանկանում ստանալ նոր սպառազինությունների գնման և մշակման համար։ «Bloomberg»-ի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր խնդրանքը հիմնավորում է Ուկրաինային մատակարարումներով սպառված զինանոցները համալրելու, ինչպես նաև Չինաստանին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Պլանավորվում է գնել՝ 28 միավոր HIMARS MLRS և 5016 միավոր դրանց հրթիռները, 541 միավոր Javelin, 831 միավոր օդ-օդ հրթիռ կործանիչների համար, 91 միավոր հեռահար հականավային հրթիռ ռազմածովային ուժերի համար, Stinger MANPADS-ի նոր տարբերակը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար: Նախատեսվում է 3,7 մլրդ դոլար հատկացնել Sentinel նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծմանը։ 3 միլիարդ դոլար՝ B-21 Raider անտեսանելի ռմբակոծիչի համար: 2,3 միլիարդ դոլար՝ F-22 Raptor կործանիչներին փոխարինելու համար:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը արձանագրում է Մոսկվայի կողմից Չինաստանից մահաբեր սպառազինություն պահանջելու նշանները։
  • ՆԱՏՕ-ն կարող է մինչև 300 հազար զինվոր տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին։ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը պլանավորում է տեղակայել տասնյակ հազարավոր անձնակազմ և հարյուրավոր միավոր զրահատեխնիկա՝ Ուկրաինայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով դաշինքում իր աղբյուրներին։
  • Ֆրանսիայում Լեհաստանի դեսպանը հայտարարել է, որ Վարշավան պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ, Եթե Ուկրաինան պարտություն կրի մարտի դաշտում։
  • «Reuters»-ը հայտնում է, որ ապրիլի կեսերին Թուրքիան պետք է հավանություն տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ խորհրդարանում քվեարկություն անցկացնելու պատրաստակամության մասին:
  • Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը չեղյալ է հայտարարել MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ների մի քանի թռիչք, որոնցից մեկը «խոցվել է» Սեւ ծովի վրա:
  • Մարտի 16-ին առաջին անգամ Էստոնիա են ժամանել ֆրանսիական AMX-10RC անվավոր տանկերը։ Էստոնիայում հաստիքային տեխնիկայով Հանրապետության 350 զինծառայողներ ռոտացիոն հիմունքներով տեղակայվել են ՆԱՏՕ-ի ուժեղացված առաջավոր ներկայության մարտական խմբի կազմում:
  • Գրենլանդիան առաջին անգամ իր դիվանագետին ՆԱՏՕ կուղարկի պաշտոնական ներկայացուցչության շրջանակներում։ Նպատակն է ամրապնդել դաշինքի ուշադրությունը հեռավոր հյուսիսի շրջանների նկատմամբ։

ՀԱՊԿ

  • Մարտի 13-ին Դուշանբեում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին։ Կողմերը քննարկել են կազմակերպության առջև ծառացած խնդիրները ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
  • Տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդման ՀԱՊԿ գործողության անցկացման ազգային շտաբերի ղեկավարների նիստը, որի ժամանակ Վալերի Սեմերիկովը նշել է, որ 2022թ.-ին, չնայած բարդ իրադրությանը և ՀԱՊԿ անդամ պետությունների նկատմամբ հակաիրավական գործողությունների աճող մասշտաբներին, գործողության անցկացման մեջ ներգրավված ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր ազգային կառույցները հաջողությամբ լուծել են առաջադրված խնդիրները:
  • ՀԱՊԿ քարտուղարությունում ուշադրություն են դարձրել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին այն մասին, որ ՀԱՊԿ-ում առկա են տաջիկա-Ղրղզական սահմանին լարվածությունը վերացնելու որոշ ծրագրեր: Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև սահմանային խնդիր իսկապես գոյություն ունի։ Այն բազմիցս քննարկվել է բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի, կազմակերպության այլ կանոնադրական մարմինների նիստերում։ ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման մասին Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության դիմումի դեպքում այն կքննարկվի գործող ընթացակարգերին համապատասխան։
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ, եղել է Ջերմուկում, ապա հանդիպել է ԱԱԽ քարտուղար Արմեն գրիգորյանի, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգության մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: