Եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի․ Արարատ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Արարատ Միրզոյանը բացման խոսքում հայտարարել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը ավելի է սրվում Ադրբեջանից բարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանության պատճառով և շարունակվող ռազմական սադրանքներով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Նրանք խախտում են նաև եռակողմ հայտարարությունը, ինչը բացահայտ է դարձնում այն, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը։ …

…Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ կրակի դադարեցման ռեժիմի պարբերաբար խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիների պահման շարունակում, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խաթարում, հայ բնակիչների հայրենադարձության հարցեր։ Ադրբեջանը իր շարունակական սադրանքներով խաթարում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս համատեքստում կարևոր է ՀՀ դաշնակիցների ու գործընկերների ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքի նորմերի խախտման կիրառումը զսպելու համար»։

Միրզոյանի խոսքով, Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև էներգառեսուրսների մատակարարման խաթարումը հարցեր չեն թողնում Բաքվի շարժառիթների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացում։

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկան դադարեցնելու համար։