«Թավշյա» վախկոտը

Վախկոտները քաղաքականության մեջ տեղ չունեն, նրանք չարիք են դառնում պետության ու ժողովրդի գլխին: 

Ռազմադաշտում վախկոտ զինվորին արհամարհում են:

Ռազմադաշտում վախկոտ զինվորը թշնամու չափ վտանգավոր է,  որովհետև նա կարող է վախից դավաճանել իր մարտական ընկերներին, սեփական կաշին փրկելու համար մատնել նրանց թշնամուն:

Քաղաքականությունն էլ մարտադաշտ է,  որտեղ վախկոտ ու թույլ ղեկավարները կարող են պետության գլխին չարիք դառնալ: Վայ այն երկրին ու ժողովրդին, ում ղեկավարը կամ գերագույն գլխավոր հրամանատարը վախկոտ է: Էս տեսակն  ընդունակ է ամեն ինչի. վախկոտությունից մինչև հայրենիքի դավաճանությունը մեկ քայլ է:

Տարիներ առաջ էր` 2017-ին, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում կազմակերպվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը  ամենատարբեր մասնագիտությունների տեր անձանց, ուսանողների, պետական ծառայողների, կուսակցականների ու անկուսակցականների հետ: Անկաշկանդ զրույց ծավալվեց, նախագահը ներկայացրեց քաղաքական գործչի համար կարևոր մի շարք հատկանիշներ` «լինել  կրթված, ունենալ անընդհատ սովորելու ձգտում, ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ձեռք բերել»: Ապա առանձնահատուկ շեշտեց` «Քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն», առանց որի, ըստ նախագահի, ուղղակի անիմաստ է զբաղվել քաղաքականությամբ:

Մեջբերեմ Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա: Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Օրինակ,  Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է…»:

Այսպես էր մտածում Հանրապետության երրորդ նախագահը. գուցե նրա այս խոսքերը ժամանակին իրենց խորությամբ, ամբողջությամբ չընկալվեցին: Ցավոք: Սակայն երբ մեր երկրին պատուհասեց «թավշյա քայլարածների» աղետը,  «հեղափոխականների» բերած ողբերգությունների ֆոնին պարզ ու հասկանալի դարձավ, թե ինչու էր նախագահը քաղաքական գործիչի համար կարևորում բարոյական հատկանիշները, քաղաքացիական արիությունը, ու վտանգավոր համարում վախկոտ մարդկանց մուտքը քաղաքականություն…

Ի դժբախտություն հայ ժողովրդի` 2018-ին իշխանության եկան վախկոտներն ու ստախոսները, որոնց «դուխը» իրենց գլխարկներից ու շապիկներից այն կողմ չանցավ: Բայց ժողովուրդը հավատաց իշխանություն զավթած վախկոտ նազարներին, պոպուլիստներին, ստախոսներին: Ժամանակ էր պետք` ողբերգությունների մի ամբողջ շարան, չմարող սուգ, իրար հաջորդող աղետներ, որպեսզի հայ ժողովուրդը գիտակցեր, որ դաժանորեն խաբված է…

Ներքին դաշտում քաղաքական ընդդիմախոսների վրա մուրճ ճոճողը, ասֆալտին փռողն ու պատերին ծեփողը թշնամական պետության ղեկավարի հետ առաջին իսկ հանդիպումից հետո լեզուն կուլ տվեց: Հայտնի մանիպուլյատորը վախի ազդեցության տակ մոռացավ հայ ժողովրդին տված իր բոլոր նախընտրական խոստումները:   «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարողի, Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսողի դուխն այդպես էլ չբավեց իրականացնելու ասվածին համարժեք քաղաքականություն: Իսկ հետո բանակցությունից-բանակցություն դարձավ  ավելի վախվորած, ավելի կուչ եկած ու վիզը ծուռ:

Ու էս  կուչ եկած նազարի ձեռքով աղետ եկավ Արցախի ու Հայաստանի գլխին. պայմանավորված պատերազմում կրած ծանր պարտություն, Արցախի տարածքների 80 տոկոսի կորուստ, 5000 զոհ, 10 000 վիրավոր, մշակութային ու հոգևոր արժեքների ահռելի կորուստ…

Թշնամու առաջ չոքածը չոքացրեց երկիրն ու ժողովրդին…

«Վախկոտ-դուխովն» այդպես էլ պատերազմից հետո չհանդգնեց ոտք դնել Արցախ, որ  վիրավոր էր դարձել ի՜ր մեղքով, չփորձեց խոսել արցախցու հետ, ում հայրենիքը հանձնեց` արցախցու կամքն անտեսած:

Այսօր էլ նրան  խրտնեցնում է լրագրողական հարցը, թե. «Արցախը տեսնո՞ւմ եք Ադրբեջանի կազմում, եթե ոչ, ապա ուղիղ հայտարարեք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Օրերս կայացած ասուլիսում Փաշինյանը նախ փորձեց խուսանավել, հետո կցկտուր պատասխանեց, թե. «կաշկանդված եմ շատ բաներով»: Ինչո՞վ, ո՞րն է «դուխով նազարի» կաշկանդվածության իրական պատճառը, գուցե Ալիև-Էրդողան զույգին տված բանավոր ու գրավոր խոստումների չավարտվող շա՞րքը, գուցե բրյուսելյան պարտավորություննե՞րը, ինչի մասին նրան հիշեցրին ԵՄ-ից:

Ովքե՞ր են կաշկանդում «թավշյա «դուխովին». դիպուկ էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պատասխանը. «Հավանաբար կաշկանդում են նրանք, որոնք ՀՀ գրպանն են գցել Նիկոլ Փաշինյանին՝ հստակ առաքելությամբ»: Ու այդ առաքելությամբ Հայաստանում վարչապետ դարձած վախկոտը արտաքին պարտադրանքների ու ճնշումների տակ շարունակում է կողոպտել հայի հայրենիքը:

Հ.Գ. Սերժ Սարգսյան. «Չի’ կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել»։

Այո, վախկոտները քաղաքականության մեջ տեղ չունեն, նրանք չարիք են դառնում պետության ու ժողովրդի համար:

 Արմինե Սիմոնյան