Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Բաքվի հետ Թեհրանի հարաբերությունները

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի և Ադրբեջանի միջև, տեղեկացրել է Tasnim-ը՝ հղում կատարելով ԻԻՀ ԱԳՆ-ին։

Տեղեկացվել է, որ արտաքին գործերի նախարարները նաև կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմ կապերի և այն հարցերի վերաբերյալ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Թեհրանի և Անկարայի համար՝ տարածաշրջանային մակարդակով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ իր երկիրը ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը յոթնամյա ընդմիջումից հետո դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ ընդգծելով գործարքի դրական ազդեցությունը մուսուլմանական միասնության վրա։

«Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ այդ գործարքը կհանգեցնի մուսուլմանական աշխարհի դիրքերի ամրապնդմանն ու սիներգիայի ստեղծմանը իսլամական երկրների միջև՝ տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն իր հերթին ասել է, որ հարևանների և տարածաշրջանի երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման և միջազգային ասպարեզում սիներգիայի ուժեղացման համար»,- նշվել է հաղորդագրությունում։