Նիկոլի «կրիստալ» պարեկները և ոստիկանները գնալով լկտի ու սանձարձակ են դառնում. 2

Ահա սա՛ է Նիկոլի Հայաստանը՝ ոստիկանական բռնապետությունը

 

Սկիզբը` այստեղ

Տարիներ առաջ Երևանում թափառական շների դեմ պայքարող կազմակերպության աշխատակիցը երեկոյան ժամին իմ և այլոց աչքերի առջև, գրեթե իմ ոտքերի դիմաց, ընդամենը մի քանի մետր այն կողմ «Toz»-ի հրացանից սառնասրտորեն կրակեց ու սպանեց մի թափառական շան: Մինչև օրս իմ հիշողությունից չի ջնջվել կատարվածը, այդ դաժան տեսարանը՝ աղեկտուր կաղկանձը, միանգամից չանշարժանալը, մի քանի անգամ խորը շունչ քաշելն ուռչելու աստիճան և արտաշնչելը, կյանքի ավարտից առաջ ջղաձգումները:

Ինչո՞ւ հիշեցի այս ամենը… Հիշեցի, որովհետև օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլի պարեկներից մեկն իրեն ամրակցված ծառայողական զենքից (ատրճանակից) Հրազդանի Վանատուր թաղամասում մարտի 13-ին կրակել է գողության մեջ կասկածվող մի տղամարդու (ինչպես պարզվել է հետագայում, Հրազդանի 46- ամյա բնակիչ Սամվել Թովմասյանի) վրա ու սպանել նրան: Եվ, ամենայն հավանականությամբ, կրակել է այնպես սառնասրտորեն, առանց խիղճ ու խղճմտանքի, ինչպես իմ տեսած շան վրա կրակեց ու սպանեց թափառական շների դեմ պայքարող կազմակերպության աշխատակիցը:

Բայց ո՞վ է պարեկին այդ իրավունքը տվել, երբ արդեն տարիներ է, ինչ նույնիսկ ագրեսիվ վարք դրսևորող, մարդկանց վրա հարձակվելու վտանգ ներկայացնող թափառական շների վրա կրակելու իրավունք չկա, բացառությամբ «կատաղություն» հիվանդությամբ վարակված շների, նրանց սպանելն արգելված է, ամլացնում են:

Հասկանո՞ւմ եք ուր ենք հասել…Հասկանո՞ւմ եք, թե որքան են լկտիացել ու սանձարձակ դարձել որոշ պարեկներ: Եվ հիշո՞ւմ եք, թե Երևանում անցյալ ամիս «Համմերի» ու նրա վարորդի հետ կապված հայտնի միջադեպից հետո Նիկոլի շրջապատից առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր, աստվածամերժ և աստվածամարտ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ինչ գրառում էր կատարել…

Տրամաբանության խայտառակ բացակայությամբ կամ հարբած վիճակում Արսեն Թորոսյանը գրել էր. «Պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»:

Հրազդանում գողության մեջ կասկածվողին սպանած պարեկը, կարծում եմ, վարվել է հենց Արսեն Թորոսյանի խորհրդով ու լրացրել նախորդ ամիս իր գործընկերների թույլ տված վերոնշյալ «բացթողումը»: Նրա համար կարևորը դիմահար կրակն է եղել, իսկ թե դրա արդյունքում մարդը կվիրավորվե՞ր, թե կզոհվեր, կարևոր չի եղել:

Գիտեմ, հրաշալի գիտեմ, թե ինչ կարող են պատճառաբանել պարեկը ու նրա հնարավոր պաշտպանները. գողության մեջ կասկածվելուց բացի, քաղ. Հասմիկ Բ-ի տանը կից անասնագոմից դուրս եկած, դեմքը պարկով ծածկած տղամարդը կացնով զինված է եղել, պահանջել է որպեսզի ոստիկանության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան, չփորձեն իրեն բռնել, սպառնացել է, որ հակառակ դեպքում ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին, ապա տեսնելով, որ պարեկները և ոստիկանները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են կացինը վայր դնել, հանձնվել, կացինը ձեռքին, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է պարեկներից մեկի վրա: Եվ միայն դրանից և օդ արձակված նախազգուշական 2 կրակոցից հետո է, որ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկը զգալով, որ վտանգը դառնում է իրական, մեկ կրակոց է արձակել իր ուղղությամբ եկող տղամարդու կրծքավանդակին։

Այս ամենը հասկանալի է, այո, պարեկը զինված հարձակումից ինքնապաշտպանվելու կամ գործընկերներին պաշտպանելու նպատակով, իրավունք ուներ ու պարտավոր էր կրակել, բայց իրավունք չուներ կրակել հարձակվողի կրծքավանդակին, պարտավոր էր գիտակցել, որ գնդակը կենսականորեն կարևոր որևէ օրգանի, օրինակ, սրտին կամ թոքին դիպչելու դեպքում կարող է հանգեցնել մահվան (այդպես անպատասխանատու կերպով կարող էր գլխին էլ կրակել), հետևաբար պետք է կրակեր միայն ձեռքին կամ ոտքի ստորին մասին, հարկ եղած դեպքում, երկու անգամ, այսինքն՝ և՛ ոտքին, և՛ ձեռքին, կամ՝ երկու ոտքին, երկու ձեռքին: Դա միանգամայն հնարավոր էր, մանավանդ, որ հարձակվողը, ինչպես հիշյալ տան բնակիչ Հասմիկ Բ-ն է պատմել, իր գլխին անցկացրած պարկի պատճառով չի տեսել, տարածության մեջ չի կողմնորոշվել:

Ավելին. պարեկը պետք է կրակեր, երբ հարձակվողը դեռ անվտանգ տարածության վրա էր գտնվում և ինքը համապատասխան նշանառության համար անհրաժեշտ մի քանի վայրկյանն ուներ, բայց, ինչպես արդեն նշեցի, նրա համար կարևորը դիմահար կրակելն է եղել, օրինախախտը, Արսեն Թորոսյանի գրածի պես, կվիրավորվեր, թե կզոհվեր, կապրեր, թե չէր ապրի, կարևոր չի եղել:

Հակառակ պարագայում պետք է եզրակացնել, որ պարեկը նշանառու, դիպուկ կրակելու ունակություն չի ունեցել, այսինքն՝ Պարեկային ծառայությունում պարեկ են ընդունել պատահական մեկին, ով վերոնշյալ կարևոր ունակությունը չի ունեցել, քննություն չեն վերցրել, տվյալ հանգամանքը նախպես չեն ստուգել, պարզել, եթե չէր էլ տիրապետում, բայց պարեկ աշխատելու ցանկություն ուներ, ժամանակին համապատասխան վարժանքներ չեն անցկացրել, չեն տվել դիպուկ կրակելու հմտություն ձեռքբերելու հնարավորություն:

Ահազանգով դեպքի վայր հասած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք»‰ ախտորոշմամբ տեղափոխել է «Հրազդան» ԲԿ, որտեղ նա կարճ ժամանակ անց մահացել է: Բայց Սամվելին մայր էր ծնել, պահել, մեծացրել… Ի վերջո, նա մարդ էր: Այսքանը բավական է ու կարևորը սա է, հետևաբար ավելորդ է ասելը, որ նա մեր երկրի քաղաքացին էր, հայ էր, առանց այն էլ Հայաստանում շատ քիչ հայ է մնացել ու գնալով քչանում ենք…

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի («Սպանությունը») 1-ին մասի հատկանիշներով, և քննվում է, թե Սամվել Թովմասյանին սպանած պարեկն արդյոք իրավաչա՞փ է գործել, արդյոք խորդանոց մտած տղամարդուն վնասազերծելու բոլոր միջոցները սպառվա՞ծ են եղել, երբ պարեկը նրա կրծքավանդակին կրակելու որոշում է կայացրել։ Չեմ զարմանա, եթե քննության արդյունքում հայտարարվի իրականության ճիշտ հակառակը, այսինքն՝ պարեկն իրավաչափ է գործել, տվյալ անձին վնասազերծելու բոլոր միջոցները սպառված են եղել: Նիկոլի իշխանության պարագայում դա կլինի օրինաչափ, հակառակը՝ զարմանալի բացառություն:

 

Արթուր Հովհաննիսյան