Թշնամու զինտեխնիկայի կուտակումների մասին ահազանգներ եմ ստացել Գեղարքունիքից, Տավուշից, Արցախից. Թագուհի Թովմասյան

«Ես ահազանգեր ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից և ամբողջ Արցախի երկայնքով: Զինտեխնիկայի տեղաշարժ է եղել, որն անհանգստացրել է մարդկանց»,- այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին թշնամական զինուժի կուտակումների մասին խոսակցություններին։

«Ես ամենօրյա կապի մեջ եմ սահմանամերձ շրջանի բնակիչների հետ, զինվորականների հետ, որոնք ահազանգում են այն մասին, ինչը տեսնում են. իրենք շարժ էին տեսել և ինձ ահազանգել, որի մասին ես անհրաժեշտ համարեցի դիմել մեր միջազգային գործընկերներին, որ հնարավորինս կարողանանք կանխարգելել հնարավոր էսկալացիան»,-ասաց պատգամավորը, ընդգծելով, որ եթե զինտեխնիկա է կուտակվում, դա հենց այնպես չի արվում, արվում է որոշակի գործողության նախապատրաստելու համար:

«Արդեն բավականին մեծ և բուռն արձագանք կա, բոլորը հետաքրքրված են: Ունեմ արձագանքներ տարբեր գերտերություններից ամենաբարձր մակարդակով, որ իրենք հետևում են  ընթացքին, մեծ ուշադրությամբ կհետևեն նաև հետագա զարգացումներին՝ փորձելով կանխարգելել որոշակի գործողություններ»,-ասաց նա: