Սիրիան ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ նրան միացած տարածքներով. Ասադ

Դամասկոսը ճանաչում է Ռուսաստանի նոր սահմանները՝ հանրաքվեի արդյունքներով նրան միացած տարածքներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությամբ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությամբ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Իհարկե։ Ես ասում եմ, որ դրանք ռուսական տարածքներ են, և եթե անգամ  պատերազմը չլիներ, դրանք պատմական ռուսական տարածքներ են»,- ասել է Սիրիայի նախագահը՝ պատասխանելով ռուսական նոր սահմանների ճանաչման մասին հարցին։

Սիրիան, հիշեցրել է Ասադը, այդ շրջանները ճանաչել էր դեռևս մինչև դրանց Ռուսաստանին միանալը։

«Այդ հարցը մեզ համար պարզ է ամենասկզբից, և մենք չենք տատանվի մեր դիրքորոշման մեջ։ Սիրիայի դիրքորոշումը հստակ է և, միաժամանակ, վճռական, մենք համոզված ենք այդ հարցում ոչ միայն հանուն Ռուսաստանի հետ բարեկամության, այլև որովհետև այդ տարածքները Ռուսաստանի տարածքներն են»,- ասել է Սիրիայի նախագահը։

Այս դիրքորոշումը, պետության ղեկավարի խոսքով, հիմնված է պատմական փաստերի վրա։

«Դրանք Ուկրաինային են հանձնվել, գուցե, մոտ 100 տարի առաջ, ես կարծում եմ, որ (Վլադիմիր) Լենինի ժամանակներում։ Դրանցում ապրում են ռուս քաղաքացիներ, և փաստերը տեղերում վկայում են այն մասին, որ դա ռուսական հող է։ Մենք համոզված ենք մեր դիրքորոշման մեջ»,- ասել է Ասադը։