Երկիրն իմանալու է այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պատերազմի ժամանակ պետբյուջեից կանխիկացումներ են արել. Հայկ Մամիջանյան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով կանխիկացումներ, որոնցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ գնով զրահաբաճկոններ։ Այսօր, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, մեկ է, այդ գործը պարզվելու է. «Դա ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ՝ երկիրն իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»։

Հայկ Մամիջանյանն անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած «5-րդ շարասյան» մասին ակնարկներին՝ ասաց․«Դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք և ֆեյքերի կողմից տարածվելիք՝ «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր։ Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

«Շատ խնդրում եմ մեր բանակի մարտիկներին՝ զինվորից մինչև սպա, դուք էլ բացի ձեր զինվորականի մունդիրի պատվից, կորցնելու բան չունեք։ Խնդրում եմ՝ սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման, լոգիստիկայի, Սյունիքից զորքերի հետքաշման բանավոր հրամանի մասին և անօրինական, հակապետական բոլոր հրամանների մասին, որ ստացել եք: 30 տարի դուք եք մեզ պաշտպանել, խոստանում եմ՝ ինչ հնարավորություններ ունեմ՝ իրավականից-տեղեկատվական և ֆիզիկական պաշտպանությունը, համեստ հնարավորությունների չափով, ապահովել: Հետո արդեն ուշ է լինելու»,- նշեց Հայկ Մամիջանյանը։