Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկաններ է տարել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, որտեղ փորձում են ներկայացնել կառավարության կողմից նշանակված նոր ռեկտորին, թեպետ բուհի խորհրդի կողմից կա ընտրված մեկ այլ ռեկտոր։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Իմ հանձնարարությամբ Հանձնաժողովի փորձագետներն այս պահին Բրյուսովի համալսարանում են, որպեսզի բացառեն ոստիկանների կողմից ուսանողների իրավունքների ցանկացած խախտում։

Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, ինչպես նաև արդեն իսկ իմ միջազգային գործընկերների հետ կիսվել եմ տպավորություններովս, թե ինչպես է Հայաստանում օրըստօրե վերանում ակադեմիական ազատությունը և ինչպես է քաղաքական իշխանությունն իր կամքը թելադրում ինքնակառավարվող բուհերին»,-նշել  պատգամավորը։

Նշենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների, դասախոսների շրջանում։

«Ուսանողները և դասախոսները բոյկոտում են ԿԳՄՍ նախարության ապօրինի որոշումը։ Բրյուսովում դասադուլ և գործադուլ է: Պահանջում ենք չեղարկել որոշումը»,-գրել է համալսարանի ռեկտորի տեղակալ Ցոլակ Ակոպյանը։

ԿԳՄՍՆ-ը հայտարարություն էր  տարածել, թե Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ։

«Նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

Միաժամանակ հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:
Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով»,- ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում։