Փաշինյանն զբաղված է սեփական անձի փրկությամբ` ի հաշիվ մեր երկու հայրենիքների

Երկրի ղեկավարի ասուլի՞ս, թե վախկոտի դատարկ փնթփնթոց

Ադրբեջանը շարունակում է Արցախը պահել շրջափակման մեջ. երկու ամսից ավելի է, որ փակ է Լաչիի միջանցքը: Թշնամական երկիրը Արցախի դեմ վարում է էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականություն: Օրերս ադրբեջանական դիվերսիոն խումբը Արցախում ահաբեկչական գործողություն իրականացրեց` գնդակահարելով ոստիկանության 3 աշխատակցի: Ալիևի ախորժակը բացվել է` հայկական կողմին պարտադրում է նորանոր զիջումներ: Հայաստանի ու Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կուտակումներ են: Հայկական երկու հանրապետությունների շուրջ օղակը սեղմվում է:

Եվ այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրավիրեց մամուլի ասուլիս:

Եթե հասարակության մեջ դեռ կային սպասումներ (թերևս նրան դեռ հավատացող փոքրաթիվ մի շրջանակում), որ այս բարդ իրավիճակում լսելու են երկրի ապագայով մտահոգ ղեկավարի խոսք, ապա հերթական անգամ այդ սպասումը հօդս ցնդեց:

Աշխարհաքաղաքական խորացող անկայունության, Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հնարավոր էսկալացիայի մասին բարձրաձայնող Փաշինյանի խոսքում չկար ելքերի մատնանշում, չկար լուծուման որևէ առաջարկ, չհնչեց ի շահ Հայաստանի, Արցախի որևէ հուսադրող բանաձևում: Չխոսեց իր ու իր կառավարության այնպիսի քայլերի մասին, որոնք կարող են կանխել պետության անկումը, հայրենիքի կորուստը, չլսվեց գեթ մեկ խոսք, որը թույլ կտար ենթադրել, որ վարվող քաղաքականությունն ի շահ Հայաստանի ուԱրցախի է:

Նյութապաշտ, կարճամիտ, օտար տերերի ծառան ու պարզունակ մանիպուլյատորը չի կարող արժանապատիվ պետական գործչի դիրքերից հանդես գալ. դա նման է ագռավից սոխակի կլկլոց ակնկալելուն…

Եվ ուրեմն, ասուլիսում հայ ժողովուրդը չէր կարող լսել պետական քաղաքական գործչին վայել ծանրակշիռ խոսք: Ու ինչպես միշտ, այս անգամ էլ ականջալուր եղանք բամբասկոտի դատարկ փնթփնթոցի:

Չորս ժամ տևած ասուլիսում նա ճգնում էր արդարացնել իր անձը, իսկ իր խմբակի անդամներին փորձում արդարացնել այնքանով, որքանով նրանց գործողություններն իրեն կարող են վնասել: Հակառակ պարագայում, Փաշինյանը պատրաստ է անխնա անցնել նաև «քայլարածների» վրայով: ՔՊ-ում պետք է, որ սրանում վաղուց համոզված լինեն…

Ասուլիսի սկզբից մինչը վերջ Նիկոլը ստեց, գլխիվայր շրջեց փաստերը, կեղծեց իրականությունը:

Թեպետ վերջին շրջանում իր PR-շիկների խորհրդով փոքր-ինչ փոխել է ոճը` ճղճղալու, գոռգոռալու փոխարեն հիմա խոսում է հնարավորինս ցածր ձայնով, ծամածռվելու փոխարեն էլ երբեմն նույնիսկ ժպտում է, բայց դա ամենևին չի փոխում խոսքի բովանդակությունը: Փաշինյանն ընտրել է ճոռոմաբանությունը, ինչը պատասխաններից, հստակ ասելիքից խուսափելու լավագույն միջոց է: Փաստորեն, իր խոսքով ասած`«կրուտիտ» է անում: Երկրի հետ կապված կարևոր հարցերին պատասխանելու փոխարեն, շտապում էր վրա բերել, թե «լռենք, որ չվնասենք գործընթացներին»: Չնայած իր իսկ հակահայ քաղաքականությամբ արդեն վնասել է Հայաստանին ու Արցախին՝ գուցեև անդառնալիորեն:

Փաշինյանին հիմա մեկ բան է մտահոգում` սեփական անձի անվտանգությունը: Նա վախենում է իր կյանքի համար, իսկ վախի աղբյուրը ոչ թե ներսում է, այլ դրսում: Նա հիմա Ալիևի կրունկի տակ է, վերջինս չդադարող պահանջներ է դնում Փաշինյանի առաջ, փորձելով այս թույլ անճարից պոկել ավելին: Արցախի ու Հայաստանի հաշվին զիջումների գնացող Նիկոլն անգամ սկսում է հասկանալ, որ զիջելու բան էլ չի՜ մնացել… Հիշո՞ւմ եք, հրապարակավ խնդրում էր Ալիևին` զիջման սահմանը գոնել ասել, թե ո՞րն է: Իսկ պատասխանը Բաքվից շարունակվող նորանոր պահանջներն են:

Այս իրավիճակում Փաշինյանն իրականացնում է մեկ անձի պաշտպանության քաղաքականություն, որտեղ անտեսված է Արցախի ու Հայաստանի շահը, հայոց պետականության շահը: Գործում է միայն սեփական անձի փրկության սցենարը, որն աշխատում էի ի հաշիվ մեր երկու հայրենիքների:

Հետևաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնին Փաշինյան Նիկոլի մնալը մեզ ամեն օր մոտեցնում է անդառնալիին` հայկականության լիարժեք կորստի:

Հ.Գ. Վերջերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր. «Դո’ւք, Փաշինյան, հայ ժողովրդին մաքրել եք ուզում Հայաստանից: Այսօր Ադրբեջանի համար էլ չկա Արցախի հարցը, նրան պետք է Սյունիքը: Փաշինյան, դու վերացնում ես Հայաստանը, որ հաջորդ իշխանությունը քեզ չկանչի պատասխանատվության»:

 Արմինե Սիմոնյան