Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի. Սուրեն Պապիկյան

Մենք քաղաքական պատասխանատվությունից չենք խուսափում. մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելուց չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ եթե դրանք վերաբերում են բանակին: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա անդրադարձավ գնահատականներին, որ երբ բարձրաձայնվում է 44-օրյա պատերազմի պատճառների, նաեւ հետպատերազմյան շրջանում դավաճանության մասին, դրանով իրենք անվանարկում և որակազրկում են բանակը. «Ժողովուրդ, ես առաջարկում եմ գնահատականներ հնչեցնելիս դրանք չտարածել Զինված ուժերի վրա: Եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն, ու դա պետք է անել համատեղ: Բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը  կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռացնել բանակից».

«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։

Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ. «Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։