Քովիդի գործով կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրենը

«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նիստը տեղի է ունեցել գիշերը, դատարանի՝ կալանավորելու մասին որոշումը հրապարակվել է առավոտյան՝ ժամը 10:00-ին։

Ինչ վերաբերում է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, ապա նրա կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նույն վարույթով մեղադրյալ Մ. Ե.-ին կալանավորելու միջնորդության մասին որոշումը դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ 

Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:

Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ: