Դուք թուրքական ճորտատիրությունը գերադասո՞ւմ եք նախկինների թողած անվտանգ ու ապահով Հայաստանից և Արցախից

2018 թվականի դմփ-դմփ-հու-ից հետո հանրությունը բաժանվեց երկու մասի՝ առաջինը նրանք էին, որոնք վստահ էին, որ Հայաստանը «փրկվեց նախկին թալանչի ռեժիմից» և մուտք գործեց դեպի «նոր Հայաստան», որտեղ նրանց սիրելու էին, հպարտանալու էին իրենցով և խոնարհվելու էին նրանց առջև, բայց… երկրորդ մասը հստակ գիտակցում էր, որ Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվելու՝ արևելքից և արևմուտքից սահմանակից երկու պետությունների և նրանց մերձավորների կողմից, սակայն ո՞­վ էր նրանց լսողը. մարդիկ այդ ժամանակ «խորոված փարթի» էին կազմակերպել՝ անվճար, հասկանո՞ւմ եք անվճար, էլ ինչ պետության կամ անվտանգության մասին էր խոսքը:

Ժամանակագրական առումով շատ հեռու չգնանք, քանի որ մեծամասնությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել և՛ նախկինում, և՛ ներկայում, եկեք հասկանանք ով ինչ ժառանգություն է թողել իրեն հաջորդող իշխանությանը:

Մինչ դմփ-դմփ-հու-հու-հի-հի-հա-հա-ն՝ ունեինք ազատ, անկախ երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, ամենակարևորը՝ սուվերենություն և անվտանգություն, Մայր Հայաստանից ՀՀ անվտանգության դարպաս հանդիսացող՝ Արցախի Հանրապետություն հասնելու համար որևէ խոընդոտ չկար՝ թշնամու մարդկային կերպարանքի տեսքով, ճանապարհը փակ լինելու մասին ոչ ոք չէր մտածում, Սյունյաց աշխարհը կորցնելու վտանգի մասին ոչ ոք չէր խոսում, թշնամին մեկ անգամ անհաջող փորձ կատարեց՝ իր վաղեմի նկրտումներին հասնելու, սակայն այնպիսի ապտակ ստացավ, որ իր կողմից հրահրված պատերազմը կասեցնելու խնդրանքով, որբի հայացքով վազում և տարբեր պետությունների, միջազգային ատյանների դռներն էր թակում, օգնություն աղերսում: Այնուհետև վիրավորված, շրջապատի կողմից անտեսված երեխայի նման իր «պապաներից» բողոքում էր, որ փակ դռնրի հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապեության անկախությունը:

Ի վերջո մինչ 2018 թվականը, մենք գլուխներս բարձր, հպարտ, հաղթանակած, արժանապատիվ կյանքով էինք ապրում և ամբողջ աշխարհին պատմում էինք մեր սխրանքների, հաղթանակների և անկոտրում կամքի մասին:

Եկավ 2018 թվականը. խոստումներ, խոստումներ, խոստումներ, բայց ցավոք, գործնականում դրանցից ոչ մեկը չիրագործվեց, փոխարենը ստացանք պատերազմ, զգալի տարածքային կորուստներ, արյուն… Առաջին հարվածը կրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայոց պատմությունը, հայագիտական առարկաները դպրոցներում դասավանդելը ոչ պարտադիրների շարքին դասվեց, մշակույթն աղճատվեց, կարճ ասած, այն ամենը, ինչ ազգի գոյատևման, զարգացման, տարածման հիմնասյունն է՝ առաջինը արմատախիլ արվեց:

Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում։ 2020 թվական․ 44-օրյա չարաբաստիկ պատերազմ, զոհեր, գերիներ, վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի կորուստ, կապիտուլյացիա, արյուն, արյուն, արյուն… և եղավ անսպասելին՝ ընտրություններին պարտություն և կորուստներ բերած ռեժիմը վերընտրվեց։

Արցախի կորստի հետ համակերպվեց հանրությունը, հաշտվեց իրավիճակի հետ, իսկ թշնամին ուշիուշով հետևում էր այդ տրամադրություններին, արդյունքում որոշեց, որ Հայաստանը թուլացել է, պետք է օգտվել առիթից և հասնել իր վաղեմի երազանքին՝ բնաջնջել ողջ հայությանը։ Անցավ իր ցեղասպան քաղաքականությանը և ձեռքը հասավ մինչև Հայաստան, ավելին՝ եկավ ՀՀ սուվերեն տարածք՝ անցակետեր տեղադրեց ՀՀ սուվերեն տարածքում, պատերազմ հրահրեց, բազմաթիվ հայորդիների կյանք խլեց, հայ կանանց մերկ մարմիններ մասնատեց, հայերին գերի վերցրեց իրենց սուվերեն տարածքից, տնավորվեց ու այդ ամենը տեղի ունեցավ գործող վարչախմբի լուռ համաձայնությամբ, անգործությամբ, չեմ վարանի ասել՝ հնարավոր է նաև համագործակցությամբ:

Հայությունը սրա հետ էլ համակերպվեց, իսկ գործող վարչախումբը այս ահասարսուռ դեպքերից հետո ավելի տենչաց խաղաղության համաձայնագրին՝ քաջ գիտակցելով, որ այդ ամենի իրագործումից ժամեր անց թշնամին կարող է հարձակվել մեզ վրա և չմոռանանք, որ հենց ինքը՝ երկրի առաջին դեմք համարվողն է հայտարարել, որ եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիրը կնքելուց տասներկու ժամ անց կարող է պատերազմ սկսել:

Այնուհանդերձ, թշնամին կանգ չառավ, որոշեց վերջնականապես հայաթափել Արցախը, բայց այստեղ մեծ խոչընդոտի առաջ կանգնեց, քանզի արցախցին՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ լինելով՝ չկոտրվեց, ավելին՝ միասնական դարձավ, սակայն սա վերաբերում է Արցախի ժողովրդին, ոչ թե ղեկավարությանը, որովհետև հայաստանյան քամիները ևս հասան երբեմնի ամենահանդարտ ու խաղաղ Արցախ:

Այսօր միայն ու միայն Արցախի ժողովրդից է կախված Արցախի և Հայաստանի ապագան, ո՛չ իշխանությունները, ո՛չ ռուսը, ո՛չ ամերկացին, ո՛չ եվրոպացին, ոչ ոք չի կարող հանել Արցախն այս իրավիճակից, միայն ինքը՝ արցախցին կարող է ելքը գտնել ու չասեք, որ դա հնարավոր չէ, չասե՛ք, կամ ասելուց առաջ վերհիշեք Արցախյան շարժումը, կլինեն մարդիկ, որ կասեն այդ ժամանակ իշխանությունները չէին սպասարկում թշնամու շահերը, իսկ ես կասեմ, միևնույն է, հնարավոր է այս խոր ճահճից դուրս գալ և վեր հառնել՝ ապավինելով մեր սեփական ուժերին, քանզի դժվարին պահին երբ ազգը միասնական է դառնում՝ անհնարինը հնարավոր է դառնում, և սա միֆ չէ, պաթոս էլ չէ, ուղղակի պետք է հավատալ, մեկ բռունցք դառնալ ու պայքարել հանուն ազգի ապագայի, հանուն մեր կերտած հաղթանակների, հանուն Եռաբլուրի: Այս դառը իրականությունը հաշվի առնելով պետք է հասկանալ՝ դուք թուրքական ճորտատիրությունը վե՞ր եք դասում նախկինների թողած անվտանգ ու ապահով Հայաստանից և Արցախից, թե դեռ Հայկի սերունդի զարթոնքի հույսի նշույլ կա:

Լուսինե Այրապետյան