Կրեմլը բացասաբար է վերաբերվում ռուսաստանյան մեդիամենեջերների՝ Հայաստան մուտքի արգելքին․ Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում լրագրող Արամ Գաբրելյանովի և այլ ռուսաստանյան մեդիամենեջերների՝ Հայաստան մուտքի արգելքին, Մոսկվայի և Երևանի բարեկամական հարաբերությունները պետք է զերծ պահել նման դեպքերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկեղծ ասած, մենք դրան բացասաբար ենք վերաբերվում։ Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում է նման դեպքերից զերծ մնալ։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր երկկողմ հարաբերությունները զերծ կլինեն նման դեպքերից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նրան, որ որոշ ռուս լրագրողների, ռուսամետ դիրքորոշում ունեցող մեդիամենեջերների արգելում են մուտք գործել բարեկամ երկիր։

Բացի Գաբրելյանովի հետ կապված իրավիճակից՝ հիշատակվել է «Ռոսիա սեգոդնյա»  մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հաղորդագրությունն այն մասին, որ իրեն նույնպես արգելված է մուտք գործել Հայաստան։

Հիշեցնեք, որ ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան, և նա հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում: