Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված բռնության, ինչպես տեսանք վերջին օրերին ԼՂ-ում․ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների՝ «Գլոբալ ռիսկերի» մասին հաղորդման՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին դիտարկումներին։

Պատասխանելով զեկույցի վերաբերյալ լրագրողի այն հարցին, թե  որքանով է այն հրատապություն ավելացնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Պետդեպի ջանքերում՝ խոսնակը նշել է․ «Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված բռնության, ինչպես տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Սա երկարատև հակամարտություն է, որի կարգավորմանն աջակցելու համար ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչ անել։

Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով` աջակցելով նրանց իսկ ջանքերին երկխոսության ու դիվանագիտության միջոցով, բայց նաև բոլոր այն համապատասխան մեխանիզմներով, որպեսզի օգնենք այս երկրներին, որ ինքնուրույն դիվանագիտություն վարեն և հասնեն այնպիսի համաձայնությունների, որ իրենց ուժերից է»,– ասել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և ազգային անվտանգության գործակալությունը երեկ Կոնգրեսին են ներկայացրել «գլոբալ ռիսկեր» ամենամյա զեկույցը: Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները 2023 թվականին, հավանաբար, կմնան լարված։