«Բոնոն ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին»․ Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է Բոնոյի հայտարարությանը․ Yerkir.am

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

«Լուիս Բոնոն, իր առաջին հրապարակային ելույթում քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին, Իլհամ Ալիևի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր հայտարարությունները չի իրականացնի գործողություններով», – նշել է Համբարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի ենթարկի Բաքվին Արցախը 88 օրից ավել շրջափակման պատճառով:

«Միացյալ Նահանգները չեն դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման համար:

Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ, որպեսզի աշխատեմ երկու կողմների հետ` նրանց խաղաղությանը մոտեցնելու համար: Պատժամիջոցները կլինեին շատ անարդյունավետ: Այս պահին դա անգամ չի էլ քննարկվում», – հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Նշենք, որ Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել Ադրբեջանին հանել շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամի է հասցրել Արցախը: